Թեպետ «Արարատ-ցեմենտ» գործարանում բողոքի ակցիաները դադարել են, բայց Ազգային ժողովում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից պետական տուրքը հանելու մասին քննարկումները շարունակվում են։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը համարվում է գործարանի սեփականատերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և իշխանական պատգամավորները առաջարկել էին ցեմենտի հումքի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։ Նախագիծը հաստատվել էր հանձնաժողովում և ԱԺ լիագումար նիստում դեռ չի քննարկվել։ Ուշագրավ է, որ նախագծին նման տեսքով կողմ էին քվեարկել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, որոնք նույն հանձնաժողովի անդամներ են։