41-ամյա Չարլզ Մակմիլանը ճանաչվել է Իռլանդիայի լավագույն ֆոտոնկարիչ այն բանից հետո, երբ սեպտեմբերին նկարել է սեփական սրտի վիրահատությունը: Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշումը կատարվել էր 2009թ.-ին: Լսելով այն մասին, որ իր սրտանոթը պետք է ստենտավորեն, իռլանդացին իր ձեռքն է վերցրել ֆոտոապարատը: Այս մասին գրում է Daily Mail թերթը:
Չարլզին պետք է վիրահատեր երիտասարդ վիրաբույժների մի խումբ, որոնք դեմ չէին նկարահանելու նրա ցանկությանը:
Չարլզը ֆոտոսեսիային նախօրոք պատրաստվել էր: Վիրահատական սեղանի տարբեր ծայրերից նա տեսախցիկներ էր դրել և այնպես էր կարգավորել, որ տեսախցիկի մեջ հայտնվեն և՛ ինքը, և՛ վիրահատող վիրաբույժի ձեռքերը: Տեսախցիկները նա փոխում էր հեռակառավարման վահանակի միջոցով: Երրորդ տեսախցիկը պահում էր իր գլխի վերևում ստենտավորման ամբողջ մեկ ու կես ժամվա ընթացքում:
Աշխատելու համար Չարլզը հրաժարվել էր թմրաքուն ստանալուց: «Հիվանդանոցային ֆոտոսեսիայում» հայտնվել են ոչ միայն հիվանդանոցային կադրեր, այլև այն, թե ինչպես է նա նախօրեին հրաժեշտ տալիս իր ընտանիքին: Ֆոտոալբոմին նա նաև կցել է վիրահատության մանրամասն նկարագրությունը, SMS հաղորդագրությունները, որոնք ստացել էր հարազատների և ընկերների կողմից վիրահատությունից առաջ և հետո:
The Irish time թերթը հայտնում է, որ վերականգնողական փուլն անցնելուց հետո նա վերադարձել է ակտիվ գործունեության:







































