Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան հայտարարել է համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին, որը վերաբերելու է ինքնավարության կարգավիճակի հարցին ու դրա լիազորությունների ընդլայնմանը:
Համապատասխան կոչով ինքնավարության բնակիչներին դիմել է տեղի Գերագույն ռադայի նախագահը:
«Ղրիմցիներ, Ուկրաինայում իշխանությունը արմատական ազգայնականների կողմից ոչ սահմանադրական եղանակով գրավվել է զինված բանդիտական խմբավորումների աջակցությամբ, Ղրիմում վտանգի տակ են խաղաղությունն ու հանգստությունը: Երեկվա բախումները Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ, որը հանգեցրեց արյունահեղության ու մարդկային զոհերի, քաղաքական ծայրահեղականության ու բռնության նշան է, որը գրավել է ողջ երկիրը: Ուկրաինան գլորվում է լիակատար քաոսի, անարխիայի ու տնտեսական աղետի մեջ»,- հայտարարել է Ղրիմի խորհրդարանի նախագահի մամլո քարտուղար Օկսանա Կորնիյչուկը:
«Հետևելով ժողովրդավարության հիմնարար կանոններին՝ Ղրիմի խորհրդարանի նախագահությունը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է անմիջական ժողովրդական իշխանության սկզբունքների կիրառումը: Համոզված ենք, որ միայն համաղրիմյան հանրաքվեն ինքնավարության կարգավիճակի բարձրացման հարցով թույլ կտա ղրիմցիներին անձամբ՝ առանց արտաքին ճնշման, որոշել ինքնավարության ապագան»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:






































