Tuesday, 16 06 2026
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի

16 տարեկանում Հանրապետական հիվանդանոցում ծննդաբերած կինը ուզում է բացահայտել իր երեխային վաճառած անձանց

Վերաքննիչ քրեական դատարանում Մհեր Արղամանյանի նախագահությամբ այսօր քննվեց դատախազ Լ. Գրիգորյանի բողոքը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի կայացրած որոշումը վերացնելու մասին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ:

Դատական որոշումը կայացվել է 2014 թվականի հունվարի 31-ին դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Դատարանը վերացրել է քննիչի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 7-ին կայացված որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հանցագործության կատարման մասին հաղորդմամբ իրավապահ մարմիններին էր դիմել Մարիաննա Պողոսյանը (անուն-ազգանունը փոխված է):

Կինը հայտնել է, որ 2000 թվականի փետրվարին, երբ ինքը անչափահաս էր՝ 16 տարեկան, ծննդաբերել և աղջիկ երեխա է ունեցել հանրապետական հիվանդանոցի ծննդատանը:

Բժիշկներն իրեն խաբել են, օգտվել իր՝ անչափահաս և անօգնական լինելու հանգամանքից, առանց իր ծնողներին կանչելու՝ իրեն համոզել են, թե երեխան ծնվել է հիվանդ, մի քանի օր հազիվ ապրի, և ստիպել են, որ ինքը հրաժարվի երեխայից:

Մինչ այդ շուտափույթ կերպով իրեն պարտադրել են երեխայի ծննդյան վկայականը հանել որպես միայնակ մայր: Իրեն մոտ չեն թողել երեխային, ասել են, թե երեխայի վիճակը վատ է: Թույլ չեն տվել, որ կերակրի:

Մի գթասիրտ բուժքույր ծննդաբերության հաջորդ օրը հեռվից ցույց է տվել երեխային, ասել, որ եթե իմանան, իրեն աշխատանքից կազատեն:

Տասնվեցամյա մոր հիշողության մեջ անջնջելի է մնացել երեխայի հայացքը: «Մինչև հիմա աչքիս առաջ է երեխայի հայացքը, ուղիղ նայեց ինձ»,- այսօր մեր զրույցում ասաց Մարիաննան:

Մի քանի օր անց նա սթափվել է հետծննդաբերական սթրեսից, հասկացել, թե ինչ սխալ է գործել, գնացել է հիվանդանոց, բայց ասել են, թե երեխան արդեն այնտեղ չէ:

Ինքը փնտրել է իր դստերը, երեխայի հոր հետ, ով այն ժամանակ 22 տարեկան էր, գնացել է Գյումրիի մանկատուն, բայց երեխան այնտեղ էլ չի եղել:

Ըստ Մարիաննայի՝ արդեն 14 տարի ինքը տառապում է իր ու իր երեխայի հանդեպ գործված հանցագործության պատճառով: Լավատեղյակ մարդիկ ասել են, թե երեխան մանկատուն չի էլ մտել, ասել են՝ քո երեխային հիվանդանոցից են տարել:

Մարիաննան համոզված է, որ իր երեխային վաճառել են հիվանդանոցից: Նա ասում է, թե հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աբրահամյանը իր ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ արդեն գիտեր, որ իրենց ծննդատանը անչափահաս է ծննդաբերելու: Որպեսզի ոստիկանությանը հաղորդում չտրվի անչափահասի ծննդաբերության մասին, Մարիաննային գրանցել են որպես 20 տարեկան կին: Մարիաննան գրանցվել է իր քրոջ անունով:

Ըստ Մարիաննայի՝ ինքը չի իմացել, թե ինչպես կարող է պաշտպանել իր իրավունքները, փորձել է սեփական ուժերով գտնել իր երեխային: Բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

2012 թվականից փորձում է երեխային գտնել, կատարվածը պարզել իրավապահ մարմինների միջոցով, օրենքին համապատասխան գործողություններով:

Երեք փաստաբանից հրաժարվել է, հիմա չորրորդ փաստաբանն է ներկայացնում իր շահերը, ու վերջապես ինքը գոհ է փաստաբանի աշխատանքից:

Տասնչորս տարի է անցել, բայց Մարիաննան երեխայի անունը տալիս անկեղծորեն արտասվում էր:

Նա ասաց, որ չի ամուսնացել, այդպես էլ երջանկություն չի գտել, երեխա չունի: Իր մտքում հիմա արդեն տասնչորսամյա աղջիկն է՝ իր միակ ու պաշտելի երեխան, ով, միգուցե, մեծանում է ուրիշ ծնողների կողքին:

Մարիաննայի հաղորդման հիման վրա քննիչը մոտ տասն ամիս նյութեր է նախապատրաստել: Եվ, ի վերջո, մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ամիսներ շարունակ նյութեր նախապատրաստվելու ընթացքում այդպես էլ ի հայտ չի բերվել որդեգրման գործը: Քննիչն այդ գործը չի ունեցել, այն չի հետազոտել:

Անվերջ հիշատակվում էր որդեգրման գաղտնիության հանգամանքը: Բայց ընդհանուր իրավասության դատարանը նշել է, թե այդ «գաղտնիություն» ասվածը չէր կարող գաղտնիք լինել վարույթ իրականացնող մարմնի համար:

Ընդհանրապես, «որդեգրման գաղտնիություն» ասվածը ներկայումս արդիական չէ: Ավելի քաղաքակիրթ մոտեցում է համարվում այն, որ որդեգիր ծնողները երեխային հայտնեն որդեգրման փաստի մասին: Ի վերջո, երեխան իրավունք ունի իմանալու իր կենսաբանական ծնողների ով լինելը:

«Որդեգրման գաղտնիություն» խորհրդային վարագույրի տակ ժամանակին շատ անօրեն արարքներ են կոծկվել: Որդեգրման շատ գործեր, ինչպես այս երեխայի գործը, ասպարեզից անհետացել են: Ինչ-որ անմաքուր ձեռքեր ջնջել են մի մարդու կենսագրության շատ կարևոր մասը՝ սկիզբը: Կամ տպավորություն է ստեղծվում, թե ջնջել են, անհետացրել գործը…

Ընդհանուր իրավասության դատարանը, վերացնելով քննիչի որոշումը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, արձանագրել է, թե նախապատրաստված նյութերից այնպիսի տպավորություն է առաջանում, որ առերևույթ չեն պահպանվել որդեգրման համար օրենքով սահմանված պահանջները:

Դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է դատախազ Լ. Գրիգորյանը:

Բողոքը հիմնավորող դատախազը վերաքննիչ քրեական դատարանում բոլորովին այլ հիմնավորում բերեց՝ քրեական գործ չհարուցելու համար:

Ըստ դատախազի՝ այս որդեգրման վերաբերյալ կա միայն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարի կողմից կատարված գրանցումը: Այլ փաստաթղթեր չկան: Չեն պահպանվել:

Որդեգրման գործը առգրավելու և հետազոտելու կարիք քննիչը չի ունեցել: Դա անհրաժեշտ չէր, քանի որ անցել են վաղեմության ժամկետները:

Հենց այդ հիմքով քրեական գործ հարուցվել չէր կարող. արդեն տասնչորս տարի է անցել երեխայի ծննդյան օրից: Լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չկա՝ ըստ դատախազի:

Դատախազը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ուժի մեջ թողնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը:

Նախագահողը հարց տվեց. քննիչը քրեական գործի հարուցումը մերժել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ բողոքում արծարծվում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքը: Հակասություն չկա՞, արդյոք, ըստ դատախազի:

«Հնարավոր է, որ հակասություններ կան, բայց մեր բողոքի էությունն այն է, որ վաղեմության ժամկետն անցել է, օրենքով անթույլատրելի է քրեական գործի հարուցումը»,- ասաց դատախազը:- Վարույթն իրականացնող մարմինը չի խուսափում, որ գործ հարուցվի, եթե որևէ բան չի արվել՝ արվի, բայց այս պարագայում խելքին մոտ չէ գործ հարուցելը»:

Նախագահողը հարցրեց՝ քննիչը պարզե՞լ է, ստուգե՞լ է, արդյոք, միգուցե այս գործով վաղեմության ժամկետի կասեցո՞ւմ կա:

Քննիչը նման բան չի պարզել, բայց, դատախազի պնդմամբ՝ իրավական արգելքներ կան այս նյութերով քրեական գործ հարուցելու համար:

Մարիաննա Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կոստանյանն իր առարկության մեջ նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պետք է թողնվի ուժի մեջ, իսկ դատախազի բողոքը պետք է մերժվի:

Փաստաբանը հարց հնչեցրեց՝ անօրինական կերպով որդեգրված երեխայի հետքերը չեն գտնում, երաշխիք կա՞, որ, ասենք, երեխային չեն մասնատել, օրգանները չեն վաճառել:

«Չգիտենք՝ ի՞նչ է եղել: Ո՞ւր է երեխան, ի՞նչ պայմաններում է ապրում: Երեխայի կենսաբանական մայրը՝ իմ վստահորդը, դա է ուզում պարզել: Թող պարզեն, հետո վաղեմության ժամկետ կիրառեն: Բայց ինչո՞վ են շահագրգռված՝ գործ չհարուցելով: Փաստ է, որ երեխային անչափահաս մորից հափշտակել են, այս կնոջից հափշտակել են նրա մայրության իրավունքը: Խաբել են նրան, օգտվել սթրեսի մեջ գտնվելու հանգամանքից… Ճշմարտությունն ամենաթանկ բանն է, մենք ճշմարտությունն ենք ուզում իմանալ… Նյութերի նախապատրաստումը մոտ տասն ամիս է տևել: Տարօրինակ է, որ մարտից մինչև հոկտեմբեր իմ վստահորդը չի կանչվել քննիչի կողմից… Երեխան արդեն տասնչորս տարեկան պետք է լինի: Մենք հույս ունենք, որ նա ապրում է: Իմ վստահորդի նպատակը չէ՝ խառնվել երեխայի կյանքին, անհարմարություններ ստեղծել նրա համար: Ամեն ինչ պետք է արվի միմիայն երեխայի շահերից… Բայց չպետք է անտեսվի, որ այս գործը չբացահայտելու դեպքում մանկավաճառությամբ զբաղված մի խումբ մարդիկ անպատժելիության զգացումով, գլխարկները բարձր պահած՝ ման կգան… Երեք ամսական երեխայի որդեգրումը ո՞րն է, ինչպե՞ս է այն կատարվել… Որդեգրման ակտ մենք չենք տեսել: Չգիտենք՝ օրենքի ի՞նչ դրույթների վրա է հղում կատարվել այդ ակտում… Իմ վստահորդը հոգեբանական լուրջ ցնցումների է ենթարկվել…»:

Մարիաննան դատարանում կարճ խոսեց: Հիմնականն ասել էր նրա ներկայացուցիչը:

«Ես չեմ ամուսնացել, իմ կողքին ոչինչ չի մնացել,- արտասվելով ասաց երիտասարդ կինը:- Երանի իմանայի՝ որտեղ է իմ երեխան, կգնայի, կխոսեի…»:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մարիաննան ասաց, թե վճռականորեն է տրամադրված՝ ճշմարտությունը պարզելու, իր երեխայի ու իր նկատմամբ կատարված հանցավոր արարքը բացահայտելու հարցում:

«Երեխայիս հայացքն ինձնից անբաժան է… Ես ամեն ինչ կանեմ՝ նրան գտնելու, մեզ բաժանողներին բացահայտելու համար… Կարծում եմ՝ ինձ նման խաբված, երեխայից բաժանված անչափահաս մայրեր էլի են եղել»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ասել է թե՝ քրեական գործ այս նյութերով պիտի որ հարուցվի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում