Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով, ըստ որոշ տեղեկությունների, տառապում է աղիների կամ շագանակագեղձի քաղցկեղով, ևս մեկ վիրահատություն է տարել, և առնվազն երեք ամիս բժիշկները պրոֆիլակտիկ բուժում պետք է իրականացնեն, որը նրան թույլ չի տա զբաղվել իր գործով և կատարել նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնում են մեքսիկական ԶԼՄ-ները՝ հղում անելով իսպանական El Periodico պարբերականին:
Ըստ իսպանական թերթի, որը հղում է անում վենեսուելական դիվանագիտական աղբյուրներին, կուբացի բժիշկները նրա հիվանդությունը սկզբում սխալ են ախտորոշել: Հունիսի 10-ին նա վիրահատվել է: Ավելի ուշ Չավեսին ևս մեկ անգամ վիրահատել են և հեռացրել աղիքներից չարորակ ուռուցքը: Ինչպես հայտնում է թերթը, վիրահատությունն իրականացրել է մադրիդյան Gregorio Maranon հոսպիտալի վիրաբույժ Խոսե Լուիս Գարսիա Սաբրիդոն:
Թերթը գրում է, որ հիմա Չավեսը չի կարող քիմիաթերապիա ստանալ, ինչպես դա սովորաբար արվում է այս դեպքերում, քանի որ առաջին վիրահատության ժամանակ ինֆեկցիան աղիների պատերով ներթափանցել է որովայն: Ինչպես հայտնում է թերթը, Ուգո Չավեսի վիճակը գնահատվում է «ծանր, և մեծ հավանականություն կա, որ ուռուցքը մետաստազներ է տվել»:









































