Հայտնի երաժիշտ Ստինգը չեղյալ է համարել իր համերգը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այն բանից հետո, երբ իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նրան հղել է մի զեկույց, որում ներկայացված են նավթագազային ոլորտի աշխատակիցների վրա իրականացվող ճնշումները: Այս մասին ասվում է երգչի պաշտոնական կայքում: Համերգը պետք է կայանար հուլիսի 4-ին:
«Հացադուլները, աշխատակիցների ձերբակալությունները և տասնյակ հազարավոր մարդկանց բողոքները վիրտուալ պատնեշ են ստեղծում, որը ես չեմ կարող հատել: Նավթագազային ոլորտի ղազախ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ է մեր աջակցությունը և նրանց խնդիրների լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներով, ինչը, ես կարծում եմ, կհանգեցնի դրական փոփոխությունների»,- հայտարարել է Ստինգը:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պատմել է Ստինգին «ԿազՄունայԳազ» ընկերությունում ստեղծված իրավիճակի և գործադուլ սկսած աշխատակիցների դեմ իրականացվող բռնաճնշումների մասին: Amnesty International-ը կարծում էր, որ Ստինգի համերգը Ղազախստանում յուրօրինակ աջակցություն կլիներ այդ երկրի իշխանություններին իրենց անօրինական գործողություններում: