Կիրակի օրը անկախ Բելառուսի առաջին ղեկավար, խորհրդարանի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը ձերբակալվել էր Բելառուսի և Լիտվայի սահմանագծին, երբ վերջինս իր ուսանողների հետ վերադառնում էր Լիտվայում կայացած կոնֆերանսից, որտեղ Բելառուսի իշխանություններին ուղղված, քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու կոչ էր ընդունվել:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Շուշկևիչին մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակել՝ առանց բացատրելու նրա ձերբակալության պատճառը: Շուշկեևիչն ասել է, որ ազատ են արձակվել նաև իր ուսանողները:
Բացի այդ, երեկ Բելառուսում նշվող Անկախության օրվա կապակցությամբ ձերբակալվել են ավելի քան 100 ընդդիմադիրներ: Ինչպես գիտենք, ընդդիմադիրները որոշել էին «լուռ ակցիա» անցկացնել տոնախմբությունների վայրերում, որի ընթացքում, ինչպես միշտ, չէին լինելու պաստառներ և վանկարկումներ, այլ ուղղակի անընդհատ ծափահարություններով և լռությամբ նրանք իրենց բողոքի ակցիան էին անելու: Իշխանությունները զգուշացրել էին, որ ցանկացած ոք, ով կծափահարի, կձերբակալվի ոստիկանության կողմից: Զավեշտը հասել է նրան, որ նախագահ Լուկաշենկոյի՝ զինվորական շքերթին նախորդած ճառից հետո ոչ ոք չի ծափահարել:
Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մինսկում երեկոյան արցունքաբեր գազ է օգտագործվել ընդդիմադիրների դեմ: Մինսկից բացի, ձերբակալվածներ կան նաև այլ քաղաքներում՝ Մոգիլյով, Բրեստ, Գրոդնո, Գոմել և այլն:












































