Ապրիլյան պատերազմից անցել է արդեն երեք տարի. ինչո՞ւ հնարավոր եղավ 2016թ. ապրիլը, ինչպիսի՞ զարգացումներ և բացթողումներ կային, որոնք հանգեցրել էին այդ պատերազմին. այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովը, Ժորա Աֆրիկյանը և Գևորգ Խաչատրյանը:
«Բացթողումներ կամ թերություններ կան բոլոր երկրների Զինված ուժերում՝ անկախ մարտունակությունից: 1994-ից սահմանապահ զինծառայողները մշտապես ականատես են եղել զինադադարի խախտումների, սակայն այդպիսի լայնածավալ գործողություններն անակնկալ էին, բայց դժվարն առաջին մի քանի ժամն էր, դրանից հետո պատերազմական կանոններով շարժվող իրադարձություն էր»,- նշեց Հրանտ Սարկիսովը:
Նրա դիտարկմամբ՝ եթե բանակում խախտում են զինվորական կանոնակարգը, ապա պետք է խստագույնս պատժվեն, քանի որ այդպիսի դեպքերը բարոյալքում են բանակը:
«Երբ որ խոսվում է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, մի շատ կարևոր դիտարկում պետք է անենք. իսկ ո՞վ է ասել, որ հայ ժողովուրդը խաղաղասեր չէ, այս հարցում ավելի շատ գործ ունի անելու Ադրբեջանը, քանի որ նրանք մանկուց հայատյացություն են սերմանում»,- նշեց Ժորա Աֆրիկյանը:
«ՀՀ-ն, ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդը մշտապես պատրաստ են եղել կոնֆլիկտը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուն, սակայն եթե հակառակորդը դիմի որևէ սադրանքի, խստագույնս պատժվելու է,- հավելեց Հ. Սարկիսովը:- Մենք՝ ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներս, պատրաստ ենք յուրաքանչյուր պահի զենքը ձեռքներիս գնալ և թույլ չտալ, որ խախտվի այն սահմանը, որ մեր ավագ սերնդի արյունով է գծվել. այլևս ոչ մի թիզ հող չենք զիջելու»:
«Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր. պատերազմի տված դասերից մենք պետք է օգուտներ քաղենք և պետք է միշտ պատրաստ լինենք: Ճիշտ է, դիվանագիտական հարթության վրա ամեն ինչ պետք է անենք, որ ամրապնդենք մեր դիրքերը, բայց պետք է դիրքերն ամրապնդենք նաև ռազմաճակատում»,- ընդգծեց Գ. Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































