Խորհրդարանի մարտի 29-ի արտահերթ նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով: Խորհրդարանում այդ առումով արտառոց վիճակ էր, որովհետև նախկին խորհրդարաններում այդօրինակ իրավիճակ ստեղծվում էր ՀՀԿ մեծամասնության անպատասխանատվության կամ կազմակերպված բոյկոտի պատճառով, եթե պետք էր լինում: Հիմա, ստացվում է, որ նոր խորհրդարանում կամ մեծամասնությունն է անպատասխանատու, կամ գործ ունենք նպատակային բոյկոտի հետ: Ընդ որում, դրա մասին ենթադրության հիմքերը կան, հաշվի առնելով այն, թե ինչ հարց էր քննարկվելու արտահերթ նիստում: Դե ֆակտո խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգի մասին է: Նիստը չկայանալու դեպքում ստացվում է, որ տապալվում է կարգի ընդունումը, ըստ այդմ հնարավոր է նաև թեկնածուի ընտրությունը: Իսկ այստեղ իրավիճակը հետաքրքիր էր նրանով, որ թեկնածուն ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ներկայացրել է Գերմանիայում ուսանած և աշխատող իրավաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Հավակնորդ է եղել նաև վարչապետի խորհրդական, Հայաստանում հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը, որը հայտնի է նախկին իշխանության շրջանում քաղաքական ընդդիմության հետ կապված գործերից, նաև մարտիմեկյան գործից: Դեռևս նախորդ տարի թավշյա հեղափոխությունից հետո Արմեն Սարգսյանը ներկայացրել էր հենց նրա թեկնածությունը, սակայն խորհրդարանի այդ ժամանակ փաստացի ՀՀԿ-ական մեծամասնությունը տապալեց քվեարկությունը: Այս անգամ նախագահն առաջադրեց այլ թեկնածու, ու փաստորեն ստացվում է, որ նոր մեծամասնությունն էլ տապալում է նախագահ Սարգսյանի առաջադրած թեկնածությունը: Համենայն դեսպ, անպատասխանատվության տարբերակի քննարկումը մի փոքր թերևս անիրատեսական էր թվում:
Խորհրդարանի «Իմ Քայլի» 35 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Արցախ, և հազիվ թե այդ մեծ պատվիրակությամբ մեկնման մասին որոշում կայացնելիս որևէ մեկը չի մտածել քվորումի մասին: Միևնույն ժամանակ, չորս ժամ անց, սակայն, նիստը սկսվեց, քվորում ապահովվեց, քանի որ Արցախ մեկնող պատգամավորների մի մասը հետ էր դարձել: Սա իհարկե նշանակում է, որ այդուհանդերձ կարող էր լինել և տեխնիկական թյուրիմացություն, թեև մյուս կողմից՝ հնարավոր է, որ դրա ներքո եղել է նաև քաղաքական սաբոտաժի որոշակի փորձ:
Իհարկե, իրավիճակը դեռևս ամբողջապես պարզաբանված չէ, սակայն ինտրիգն արդեն հասունացած է, ընդ որում՝ հասունացած է բավականին ուշագրավ իրավիճակում՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, և ավելին՝ կարևոր բանակցության համար Վիեննայում է՝ Ալիևի և համանախագահների հետ հանդիպման համար: Ու փաստացի ստացվում է, որ դրան զուգահեռ խորհրդարանում հասունանում է փաստորեն քաղաքական մի սկանդալ, որն իր մեջ պարունակում է ներիշխանական խոշոր ինտրիգի շոշափելի հատիկ: Հազիվ թե դա հաճելի նորություն լիներ Վիեննայում պատասխանատու բանակցության մեկնած վարչապետի համար: Առավել ևս, որ խոսքը մի ինտրիգի մասին է, որը թավշյա հեղափոխությունից ի վեր հետևողականորեն փորձում է խթանել, հրահրել հասունացնել նախկին իշխող համակարգը՝ նախագահի և վարչապետի միջև, շատ լավ պատկերացնելով, թե նոր իրավիճակի ամրապնդման առումով որքան արդյունավետ կարող է լինել Փաշինյան-Սարգսյան գործակցությունը: Հատկապես, որ անցնող ամիսների կամ տարվա ընթացքում ակնառու էին այդ երկու գործիչների համատեղ աշխատանքի արդյունքի որոշակի նշանակալի հեռանկարներ, Հայաստանում տնտեսաքաղաքական նոր համակարգի ձևավորման ուղղությամբ: Արդյո՞ք դրանք հայտնվում են ռիսկի գոտում:
Փաստացի ստացվում է, որ նախկին իշխող համակարգն այդ հարցում, այսինքն՝ վարչապետ-նախագահ հարաբերության տիրույթում արգելակներ առաջացնելու հարցում հաջողե՞լ է: Համենայնդեպս, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը այդ առումով դառնում է ինդիկատոր:







































