Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային առաջարկել է բարձր մակարդակով երկխոսություն սկսել:
«Ես Ձեզ երկխոսության առաջարկ եմ անում, նախագա՛հ Օբամա, երկխոսություն՝ հայրենասեր, հեղափոխական Վենեսուելայի և ԱՄՆ կառավարության միջև»,- ասել է նա: «Եկե՛ք երկխոսություն սկսենք բարձր մակարդակով և սեղանին դնենք ողջ ճշմարտությունը»,- Մադուրոյի խոսքերն են մեջբերում տեղի ԶԼՄ-ները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Մադուրոն մեղադրել էր Վաշինգտոնին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձերին մասնակից լինելու մեջ: Կարակասը պետական հեղաշրջման փորձեր է համարում օրերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները, որոնց արդյունքում զոհվել է 8, վիրավորվել 137 մարդ:
Մադուրոն առաջարկել է իր կողմից երկխոսության պատասխանատու նշանակել արտգործնախարար Էլիաս Հաուային: