Քաղաքագետ Գագիկ Համբարյանը դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին՝ չորսուկես ժամ տևած ասուլիսը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը այն բացառիկ դեպքերից էր, որ նա հունից դուրս չեկավ, չսկսեց բղավել, հաթաթաներ անել, սպառնալ. «Բայց պարոն Փաշինյանի մտքերի գրեթե 90 տոկոսի հետ ես բացարձակ համաձայն չեմ և հատկապես այն հարցով, որ Հայատանում դժգոհություն չկա և այդ բոլորը նախորդ իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների ձեռքի գործն է։ Իրականում բավական դժգոհություն կա, և շատ վատ է, որ պարոն Փաշինյանը շատ արագ կտրվեց հասարակությունից, եթե չգիտի այդ դժգոհությունների մասին։ Լավ կլինի, որ պարոն Փաշինյանն այդ դժգոհությունների սանդղակը չափի ոչ միայն Երևանով, այլ մարզերի կտրվածքով»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նման բան հայտարարելուց առաջ լավ կլիներ մի հատ մոնիտորինգ աներ իր Ռանչպար գյուղ գնալու արդյունքները և տեսներ, թե հասարակությունն ինչերից է դժգոհում։
«Երբ ես ունկնդրում էր նրա Ռանչպար այցելությունը, ինձ մոտ տպավորություն էր, որ այս 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում ոչինչ չի փոխվել։ Իրականում ոչինչ չի փոխվել։ Հիմա պարոն Փաշինյանն ինչի՞ հիման վրա է այդպես ուրախացած, որ դժգոհություն չկա, ո՞վ է նրան ասել։ Այո, հեղափոխություն տեղի ունեցավ և բնակչության 95 տոկոսը ողջունեց թավշյա հեղափոխությունը և իշխանափոխությունը Հայաստանում, քանի որ վերջապես ձերբազատվեց ՀՀԿ-ի կառավարումից, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը քարտ-բլանշ տալով պարոն Փաշինյանին, նաև քարտ-բլանշ է տալու նաև նրան և նրա քաղաքական թիմին ապագայում կոպիտ սխալներ գործելու կամ նույն ՀՀԿ-ական ոճով առաջնորդվելու համար։ Չկա այդպիսի բան։ Եթե հասարակությունը դժգոհություն հայտնեց ու գահընկեց արեց նախորդ իշխանություններին, վաղը դա կարող է նաև պարոն Փաշինյանի հետ լինել։ Ես որպես պատմաբան ասում եմ, որ սա ոչ թե հեղափոխության ավարտն էր, այլ հեղափոխության առաջին փուլի լեգիտիմացումն էր, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին։ Լավ կլինի պարոն Փաշինյանը շատ չուրախանա, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխության թոհուբոհով իշխանության եկած անձինք և նրանց քաղաքական թիմերը չեն բավարարում հասարակության սպասելիքները, և կյանքի չեն կոչում իրենց խոստումները, կարող են ավելի սարսափելի ընթացքով ընթանալ և երկրորդ, երրորդ փուլերում հեղափոխությունը կարող է խժռել այն ուժերին, որոնց ինքը բերել է իշխանության առաջին փուլում»,-նշեց քաղաքագետը։
Համբարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին սխալ կարծիք ու տեղեկություն կա, որ հասարակությունը դժգոհություն չունի․ հասարակությունը շատ մեծ դժգոհություն ունի, որովհետև ՔՊ-ի իշխանության գալուց հետո Հայաստանում ոչ մի բնագավառում ոչ մի առաջընթաց ոչ միայն չի գրանցվել, այլև նաև կան բավականին մեծ հետընթաց գործընթացներ՝ սկսած գնաճից սոցիալական ոլորտում, վերջացրած բազմաթիվ այլ ոլորտներում ձախողումներով՝ և՛ միջազգային ասպարեզում, և՛ ներքաղաքական գործընթացներում։
Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, թե եթե այսօր տեղի ունենան ընտրություններ «Իմ քայլը» դաշինքը կարող է էլ ավելի շատ ձայներ ստանալ, սա, ըստ Համբարյանի, ընդամենը պոպուլիստական հայտարարություն է, ոչ ավելի. «Պարոն Փաշինյանը շատ լավ գիտի, որ նման բան չկա։
Սա քաղաքական հնարք է, որ ինքը կիրառում է՝ փորձելով իր թիմակիցներին ու հասարակությանը համոզել, որ ամեն ինչ շատ լավ է։ Իրականում ինք էլ շատ լավ գիտի, որ այնքան էլ լավ չէ։ Դրա վառ օրինակն է այն, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները տեղի ունեցան Երևանում, որի ժամանակ Փաշինյանի կուսակցությունն ստացավ 81 տոկոս ձայն։ Հաջորդ ընտրությունները, որոնք համապետական նշանակություն ունեին, ԱԺ արտահերթ ընտրություններն էին դեկտեմբերին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ստացավ արդեն 70 տոկոս ձայն։
Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների միջև 2,5 ամիս տարբերություն կար։ Հիմա ԱԺ ընտրություններից անցել է ևս 4 ամիս, հասարակությունն իր մաշկի վրա որևէ դրական բան չի զգացել հեղափոխությունից հետո և դժգոհությունը բացահայտ արդեն երևում է։ Հիմա պարոն Փաշինյանը մտածում է, որ իր ղեկավարած ուժը 70 տոկոսից ավելի ձայն կարող է ստանա՞լ։ Իմ կարծիքով, պարոն Փաշինյանի և իր ղեկավարած կուսակցության վարկանիշը բարձր է, բայց ոչ 70 տոկոս։ Մոտավորապես 50-55 տոկոս է, և այս դրական բազան պարոն Փաշինյանը շատ արագ սպառում է։ Դա պայմանավորված է նրա կողմից ղեկավարվող կառավարության բազմաթիվ բացթողումներով և անհաջողություններով»,-հավելեց նա։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի










































