Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը հուլիսի 1-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է հանրահավաքների ու ցույցերի մասին օրենքում ուղղումներ մտցնելու օրինագիծը, որով կանոնակարգվում են դրանց անցկացման սահմանափակումներին առնչվող կանոնները։
Նոր ուղղումների արդյունքում, հանրահավաքների ու ցույցերի անցկացման մասին օրենքում ավելացել է մի դրույթ, ըստ որի՝ ակցիայի կազմակերպիչներն ու իրավապահ մարմինները պարտավոր են չխանգարել այն լրագրողների արհեստավարժ գործունեությանը, որոնք իրենց հետ ունեն համապատասխան նշաններ և լուսաբանում են հանրահավաքը։
Նոր օրինագծով թեև ուղղակիորեն չի արգելվել դատարանների շենքից 20 մետր շառավղով հեռավորության վրա ակցիաների անցկացումը, այնուամենայնիվ համանման այլ վարչական շինությունների նման, դատարանը նույնպես ստանում է այդպիսի լիազորություններ։ Դատարաններն ու վարչական մարմիններն այսուհետ կոնկրետ ակցիայի դեպքում իրենք կսահմանեն, թե որքան հեռավորության վրա կարելի է արտոնել ակցիայի անցկացումը՝ սահմանադրական իրավունքը չանտեսելու համար։
Բացի այդ, այսուհետ բողոքի ակցիայի մասնակիցներին կարգելվի ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղիների փակումը, հրազեն ու սառը զենք կրելը, տարբեր տիպի պայթուցիկներից օգտվելը, արագ բռնկվող, ռադիոակտիվ և մարդու առողջությանը վնաս պատճառող այլ նյութերի գործածումը։ Ակցիաների ժամանակ արգելվում է ալկոհոլի գործածումը։
Արգելվում է նաև ճարտարապետական կամ պատմական արժեք ունեցող շենքերի վրա այս կամ այն եղանակով գրություններ թողնելը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները չեն կարող հանդիսանալ անչափահասներ։
Միևնույն ժամանակ մեծանում են իրավապահ մարմինների լիազորությունները։ Այսուհետ նրանք կարող են օգտվել ցույցի կանխման ու ցրման համար օրենքով թույլատրվող բոլոր միջոցներից։
Այս նախաձեռնությունը պատկանում է իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությանը։ Ընդդիմադիրներն իրենց հերթին խստորեն դատապարտում են այդ ուղղումները, քանի որ դրանով ավելի են խստացվում ցույցերի անցկացման կանոնները, ինչը տեղի է ունենում մայիսի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ցրումից շուրջ մեկ ամիս անց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ուղղակիորեն արգելվելու են հանրահավաքների ու ցույցերի անցկացումն այնպիսի շինություններից 20 մետր շառավղով հեռավորության վրա, ինչպիսիք են բոլոր մակարդակի դատարանները, դատախազությունը, ոստիկանությունն ու կալանավայրերը, ինչպես նաև երկաթուղային կայարանները, օդանավակայաններն ու նավահանգիստները։ Զորամասերի դեպքում այդ հեռավորությունը հասցվում էր մինչև 100 մետրի։







































