«Ես քաղաքական գնահատականներ չէի ուզենա տալ Երևանի ներկայիս ավագանուն, բայց կուզենայի, որ էն լավը, որը կար, պահպանվեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը։ Իսկ որ լավ աշխատանք իր ավագանի եղած ժամանակ եղել է՝ Թոքմաջյանը վստահ է։ Դրանք կապված են ենթակառուցվածքների հետ. ճանապարհային հանգույցներ են կառուցվել, ճանապարհներ են բարեկարգվել:
«Շատ ողջունելի եմ համարում, եթե կարողանան մետրոյի շինարարությունը սկսել ու ավարտել։ Պարզապես կամք է պետք և հետևողականություն ծրագիրն իրականացնելու համար։ Տրանսպորտի խնդիրը պետք է լուծվի։ Փոքր կենտրոնի մասին պետք է օրենք ընդունվի, ու աշխատանքները հետևողական լինեն, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արդեն կատարված աշխատանքը որպես դրական բալանս ներկայացվի»,- ընդգծեց Թոքմաջյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այո, մետրոն թանկ հաճույք է, բայց դա չի նշանակում, որ մենք մետրո չպետք է ունենանք։ «Մետրոն խիստ անհրաժեշտություն է անվտանգության տեսանկյունից, նաև էկոլոգիական անվտանգության տեսանկյունից։ Պարտադիր չէ, որ ամբողջ կանգառը լինի մեծ խորություններով։ Կարելի է որոշ հատվածներ կառուցել ստորգետնյա տրամվայների ձևով։ Պետք է հիշել, որ մետրոն բեռնաթափման խնդիր է լուծում նաև, ու պետք չէ միայն գումարի մասին մտածել»,- ընդգծեց Թոքմաջյանը։
Երևանի ավագանու նախկին ՀՀԿ-ական անդամը անդրադառնալով Երևանի ավագանիում ընդդիմության սակավությանը՝ նկատեց, որ ամեն տեղ ընդդիմության սակավությունը վատ բան է, բայց պետք չէ նաև ամեն ինչ պայմանավորել դրանով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































