«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
– Օրվա թեման «Ազատության հրապարակում» լարված իրավիճակն է, ի՞նչ եք կարծում՝ մի քիչ շա՞տ չէր աղմուկը:
– Քանի որ մենք Երևանի ավագանիում խմբակցություն ունենք, մեր խմբակցության անդամները ակտիվորեն ներգրավված են եղել քննարկումների ժամանակ և կողմ են եղել, որ Երևանում զավթված տարածքները՝ կանաչ գոտիները վերադարձվեն քաղաքացիներին:
– Ապօրինաբար զավթված:
– Կան և՛ ապօրինաբար զավթված, և՛ երկարաժամկետ պայմանագրերով, բայց դրանք եղել են ժամանակավոր պայմանագրեր, և ինչ-որ մի օր դրանց վերջը գալու էր, և հիմա այս է քննարկվող հարցը: Երեկ մեկնարկեց ապամոնտաժման գործընթացը, մենք կողմ ենք եղել ապամոնտաժմանը, բայց մյուս կողմից՝ սուբյեկտների իրավունքները պետք է հարգվեն: Մեկ օր առաջ են ծանուցում տվել ապամոնտաժման մասին, լավ կլիներ, որ ժամանակ տրվեր, որ մարդիկ իրենց գույքը տարածքից հանեին, ինչ վերաբերում է տարածքի մաքրմանը, այլ տարբերակ չկա՝ այդ տարածքը պետք է ազատվի: Ես տեսա, որ գանգատներ կային և՛ ծանուցման հետ կապված, և՛ ոստիկանության գործողությունների հետ կապված, կուսումնասիրենք, եթե կարիք լինի, դրան էլ գնահատական կտանք: Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտի իրավունքները ոտնահարվեն ներդրումների իմաստով, պետք է փոխհատուցումներ ստանան: Բայց այն, որ կանաչ գոտիները պետք է վերականգնվեն և վերադարձվեն ՀՀ քաղաքացիներին, մենք դրան միանշանակորեն կողմ ենք:
– Մյուս կողմից՝ երևի կարիք էլ չկա բացատրելու, թե այդ սրճարաններն ինչպես կարող էին հայտնվել կանաչ գոտում Թամանյանի նախագծած Երևանում:
– Այո, եղել են տարբեր գործարքներ, այն ժամանակվա իշխանությունը թե՛ կոռուպցիոն տարբեր գործարքներով, թե՛ ուղղակի իրենց մտերիմներին լավություն անելով նման տարածքներ են տվել: Եվ սա միայն Երևանի խնդիրը չէ, և՛ Վանաձորում է այդպես եղել, և՛ Գյումրիում, և՛ մյուս քաղաքներում, և վաղ թե ուշ պետք էր դրանով զբաղվել ու վերադարձնել հանրային օգտագործման տարածքները: Բոլորի սեփականությունը հանդիսացող տարածքով ինչ-որ մեկը երկար ժամանակ հարստացել է: Հիմա եկել են և ասում են՝ հանրությանը պատկանող տարածքը պետք է վերադարձնես հանրությանը: Բնականաբար, մարդիկ կան, որոնց իրավունքները կոտնահարվեն, աշխատատեղի հարց կա, պետք է հետևողական լինենք նաև այդ հարցերը լուծվեն, օրինակ՝ ասում էին 300 հոգի մարդ է աշխատում, պարզվեց 15 հոգի է աշխատում: Հարցեր կան, որ պետք է հասկանանք, պղտոր ջուր չդարձնենք, որ ինչ-որ մարդիկ էլ պղտոր ջրում ձուկ բռնեն:
– Այսինքն՝ այն, որ այս սրճարանները հարկային լուրջ պարտավորությունների տակ են եղել, այնքան էլ այդպես չէ:
– Չգիտեմ, միգուցե այդպես է:
– Դե եթե մտածում ենք, որ այդ սրճարանները արտոնյալների են պատկանել…
– Արտոնյալներն էլ կարող են ինչ-որ պարտավորություններ ունենալ, պետք է նայենք, որ լինեն ողջամտության սահմաններում: Եթե կա քաղաքական որոշում, որ պետք է տարածքներն ազատվեն, իսկ այն ուժը, որը դա իրականացնում է, Երևանի բնակչության 83 տոկոս քվեին է արժանացել, հետևաբար 80 տոկոսից ավելի աջակցություն ունի այդ գործը կատարելու, մնացած մասի՝ փոքրամասնության ձայնը պետք է հնչեցվի, դա հնչեցվել է «Լույս» խմբակցության կողմից:
– Այսինքն՝ երկրորդ կարծիք չունենք որպես քաղաքական միավոր, այստեղ պետք է վճռականություն դրսևորել և ազատվել ապօրինություններից:
– Միանշանակ:
– Համարե՞նք սա նախկին ռեժիմի ապօրինությունների դեմ պայքար:
– Նախկին ռեժիմը այլևս չկա, կա նրանց գործունեության հետևանքների դեմ պայքար: Պարզվում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, դա ի՞նչ է, դա այլանդակություն է: Այն դեպքում, երբ երեխաները տարիներով հերթագրված են, մինչև հիմա սպասում են, որ ընդունվեն մանկապարտեզ: Մարդիկ մանկապարտեզները լուծարել են, սեփականաշնորհել են և միլիարդներ են աշխատել, իսկ երեխաները դեռ հերթագրված են: Դա նախկին իշխանությունների գործունեության հետևանքն է, որը պետք է քայլ առ քայլ վերացնել: Այնքան շատ են ապօրինությունները, որ որևէ մարմին ի զորու չէ բոլորով զբաղվել, դա մեծ բեռ է, մեծ ծանրաբեռնվածություն է:
– Բեռից բացի՝ շատ մեծ է ռիսկը, որ ինչ-որ բան կարող է ընտրողաբար կատարվել այստեղ:
– Դրա համար կանք մենք, ուշադրությամբ հետևում ենք, որևէ մեկով կաշկանդված չենք: Եթե Օպերայի տարածքը ազատվում է, պետք է զբոսայգիների տարածքները նույնպես բերվեն կարգի: Այո՛, քաղաքում պետք է լինեն լավ սրճարաններ, բայց ոչ կանաչ գոտիների հաշվին: Ժամանակին ասում էին, որ օդի աղտոտվածությունը 8 անգամ բարձր է, պետք է զբաղվենք այդ խնդիրներով:
– Ի դեպ, աղտոտվածության մյուս պատճառը մեքենաներն են, մեքենաների անհասկանալի ներհոսքը Հայաստան դեռ շարունակվում է: Դուք նույնպես ԱԺ-ում բախվեցիք այդ խնդրի հետ, բանը հասավ օրենսդրական միջամտության, կարող էր ա՞յլ լուծում ստանալ:
– Եթե խոսքը աջ ղեկի մասին է, կարծում եմ՝ հիմա սխալ էր աջ ղեկով ներմուծումն արգելելը: Պետք է հնարավորություն տայինք, որ Հայաստանն օգտվեր այս ժամանակաշրջանից… Վաղ թե ուշ ԵՏՄ-ն դա արգելելու էր… Ասում են՝ վտանգավոր է աջ ղեկով վարելը, ես գիտեմ, որ այդ մասին հավաստող վիճակագրություն չկա. բոլոր մեքենաներն էլ վտանգավոր են, եթե ուշադիր չվարես…
– Բողոքի հաջորդ ակցիան գրավատների աշխատակիցների բողոքն էր: Հարկային բեռը միանգամից 60 անգամ ավելացել է: Ես մտածում եմ, որ դա փակման որոշում է:
– Սա միայն գրավատներին չի վերաբերում, այլ նաև փոխանակման կետերին, կարծում եմ սրանով բանկերի լոբբինգն է հաղթել մեր կառավարությունում: Արդյունքում կմնան մեկ-երկու գրավատներ, դաշտի մոնոպոլացում է տեղի ունենում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































