«Առաջին անգամ չէ, որ Հայաստանը դեմ է քվեարկում Վրաստանի ներկայացրած բանաձևերին, բայց, կարծում եմ, դա որևէ կերպ չի կարող ազդել մեր երկրների երկկողմ հարաբերությունների վրա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացրած Վրաստանի բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելու հանգամանքին՝ կարծիք հայտնեց վրաց քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն:
Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ է քվեարկել «Աբխազիայից և Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» Վրաստանի ներկայացրած բանաձևին, որն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Շարաշենիձեն նշեց, որ բոլորի համար էլ հստակ էր, որ Վրաստանի ներկայացրած բանաձևն ընդունվելու էր, և այստեղ Հայաստանի քվեարկությունը այդքան էլ էական և որոշիչ չէր: Քաղաքագետի գնահատմամբ` Հայաստանն էլ դեմ է քվեարկել այս բանաձևին, որպեսզի չնեղացնի Ռուսաստանին, սակայն այդ պատճառով Վրաստանի իշխանությունները չեն նեղանում Հայաստանից. «Մինչ Գլխավոր ասամբլեայի նիստը Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են և ակնհայտ է, որ ընդհանուր լեզու գտել են այս հարցում, և Հայաստանի այս քվեարկությունը չի կարող որևէ կերպ ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա»:





































