Եվրոպացիների միայն 39 տոկոսն է նստած աշխատում, հայտնում է եվրոպական վիճակագրական վարչություն Եվրաստատը: Նրանք հիմնականում գրասենյակային աշխատողներն են և վարորդները, փոխանցում է «Եվրապուլսը»:
Եվս 30 տոկոսը աշխատանքային օրն անցկացնում է շարժման մեջ՝ մատուցողները, խոհարարները, սանտեխնիկները, մեխանիկները, 20 տոկոսը աշխատավայրում հիմնականում կանգնած է (օրինակ՝ ուսուցիչները և վաճառողները) և 12 տոկոսը վաստակում է ծանր ֆիզիկական աշխատանքով, նրանց թվում են բեռնակիրները և բանվորները:

Եվրամիության 3 երկրում մարդկանց կեսից ավելին նստած է աշխատում. Նիդեռլանդներում՝ 55 տոկոսը, Գերմանիայում՝ 54 տոկոսը և Լյուքսեմբուրգում 52 տոկոսը: Բժիշկները նշում են, որ նստած աշխատանքը հաճախ բերում է քիչ շարժունակ կենսակերպի, ինչի հետևանքով մարդու մոտ տարբեր հիվանդություններ են զարգանում՝ 2-րդ տիպի դիաբետից և սիրտ-անոթային հիվանդություններից մինչև դեմենցիա և կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղ:
Միջազգային հետազոտության տվյալներով՝ Եվրամիությունում մեծահասակների 23 տոկոսը անբավարար է շարժվում:









































