20-րդ դարի 90-ական թվականներին սկիզբ առած` առանձին պետությունների և տարածաշրջանների, ինչպես նաև ողջ աշխարհակարգի հեղեղային և մրցակցային փոխակերպման գործընթացը պետությունների և ժողովուրդների համար ստեղծեց նոր աշխարհաքաղաքական խնդիրներ: Այդ խնդիրների լուծումը, անկախ դրանց ծագման եղանակից կամ բարդությունից, ունի մեկ հիմնական նպատակ` պետությունների և ժողովուրդների ազգային անվտանգության համակարգային, անդառնալի և երկարաժամկետ ապահովումը: Նշված նպատակին հասնելուն է ուղղված պետության արտաքին քաղաքականությունը, որին 21-րդ դարի իրողությունները ներկայացնում են յուրահատուկ պահանջներ՝ պատմությունը զգուշությաբ ըմբռնելու և այն պրագմատիկ ընտրողականությամբ մեկնաբանելու առումով:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992 թվականին, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն վերածվել միջպետական ակտիվ շփումների, ինչը, առաջին հայացքից, հակասում է հազարամյակների ընթացքում ձևավորված հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունների պատմական փորձին: Այդ փորձը ներառում է այլ երկրներում բազմադարյա համատեղ բնակությունը, կենցաղային և գործնական բնույթի համագործակցությունը, ինչը հանգեցրել է մշակույթների լայնածավալ փոխներթափանցմանն ու մտածելակերպի ընդհանուր բաղադրիչների ձևավորմանը: Հայկական և հրեական պետականությունների առկայությունը տրամադրում է հայ և հրեա ժողովուրդներին նոր հնարավորություններ՝ միջէթնիկական կապերն ամրապնդելու և փոխշահավետ համագոչծակցությունը զարգացելու համար, այնպիսի միջպետական հարաբերությունների հիման վրա, որոնք ելնում են ժողովուրդների միջև հաստատված համագործակցության փորձից և ուղղված են նրանց առջև կանգնած արդի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը՝ առաջին հերթին, ազգային անվտանգության ապահովմանը:
Իսրայելի Պետության պատկանելիությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին ու Հայաստանի Հանրապետության մերձությունը նշված տարածաշրջանին՝ անհապաղ լուծում պահանջող առանձնահատուկ խնդիրների առկայության պայմաններում, առավել արդիական է դարձնում այդ երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրների յուրահատկության և հայ ու հրեա ժողովուրդների շահերից բխող նշված խնդիրների անհետաձգելի լուծման անհրաժեշտության պայմաններում չափազանց կարևոր է դառնում երկուսի միջև պրագմատիկ միջպետական համագործակցության հաստատումը, որը մեծ նշանակություն ունի նաև համաշխարհային և տարածաշրջանային համակարգային խնդիրների լուծման համար:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև համագործակցության զարգացման անհրաժեշտության հետ կապված վերոհիշյալ փաստարկները ընդունելու պարագայում հարց է ծագում, թե «ինչպե՞ս դա կարելի է անել»: 2015թ. մարտին` ՀՀ Արտաքին գործերի նախարարի և ԻՊ նախագահի համատեղ հայտարարության մեջ կարևորվել է «քաղաքական երկխոսության ակտիվացումը, որը հնարավորություններ կստեղծի նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»:
Միաժամանակ նշվել է կողմերի ընդհանուր կարծիքն առ այն, որ «հայ և հրեա ժողովուրդները հատուկ պատասխանատվություն են կրում մարդկության հանդեպ հանցագործությունները կանխելու գործում»: Համատեղ հայտարարության մեջ հռչակված մտադրությունները լիովին բավարար են կանոնավոր կերպով քայլեր ձեռնարկել առաջընթաց ապահովող քաղաքական և այլ ոլորտներում շփումներ նախաձեռնելու համար` միջպետական հարաբերությունների ողջ սպեկտրի ընդլայնման հեռանկարով:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև քաղաքական երկխոսությունը կարելի է դիտարկել որպես սկզբնակետ տարածաշրջանի բոլոր այն երկրների համար, որոնք գիտակցում են տարածաշրջանային շփումների վերականգնման կամ նախաձեռնման կենսական անհրաժեշտությունը: Այդպիսի շփումների հեռանկարային են քաղաքական և միջպետական հարաբերությունները միջպետական համագործակցության մակարդակի հասցնելու համար: Իրադարձությունների նման զարգացումն առավել գերադասելի է և լիովին իրատեսական՝ ինչպես Սիրիայում պատերազմի մոտալուտ ավարտի տեսանկոյւնից, այնպես էլ տարածաշրջանում գործող լեգիտիմ դերակատարների միջև ուղիղ շփումների անհրաժեշտության և հնարավորությունների տեսակետից:
Դժվար է գերագնահատել ծայրահեղ բարդ տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարող պետությունների առավելություններն այնպիսի կարևոր խնդրի լուծման մեջ, ինչպիսին է տարածաշրջանում երկկողմ համագործակցության արդյունավետ մեխանիզմների հաստատումն ու զարգացումը` ներքին խաղընկերների հարաբերությունների ոչ բարենպաստ նախապատմության և որոշիչ ձայն ունեցող արտաքին խաղընկերների շահերի առկայության պայմաններում: Հայ ժողովրդի և պետության քաղաքական վերնախավը ի զորու է մասնակցել այդ գործընթացներին, իսկ հրեա ժողովրդի և պետության անկասկած դա կգնահատի:
Հայաստանի և Իսրայելի միջև քաղաքական երկխոսության գործընթացի նախաձեռնումն ու զարգացումը կունենա բավականին լայն ընկալում, արդյունավետ և փոխշահավետ գործնական արդյունք այն դեպքում, եթե գործընթացը
• բաժանվի փուլերի /նախնական, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ/,
• իրականացվի հաշվի առնելով էթնիկ, պատմական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բնույթի հանգամանքները` դրանց արդիականության տեսակետից,
• իրականացվի ազգային ու պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սփյուռքի և համայնքային այլ միավորումների մակարդակով:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև քաղաքական երկխոսության կառուցողական բնույթը, հակասականությունների բացակայությունը և արդյունավետությունն ապահովող լուծումներից մեկը, որպես նախնական փուլ, հումանիտար բնույթի՝ մշակութային, կրթական ու գիտական հարցերին, ինչպես նաև առևտրական հարաբերություններին առնչվող միջոցառումների, շփումների և խաչաձև բարեգործական ծրագրերի իրականացումն է: Նախնական փուլը թույլ կտա ձևավորել համագործակցության ոլորտների նախըտրելի հաջորդականությունը և մշակել քաղաքական երկխոսության զարգացման ծրագիր՝ այնպիսի միջպետական համաձայնագրերի մշակմամբ և ստորագրմամբ, որոնք կապահովեն արդյունավետ միջպետական հարաբերությունների զարգացումը:
Իսրայելի հետ քաղաքական երկխոսության հաստատման ու զարգացման խնդրի լուծման հետաձգումը՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հիմնվելով դրանց վրա, Հայաստանի համար կլինի ոչ արդյունավետ է և ոչ նպաստավոր:









































