Զինված ընդդիմության գրոհայինները կենտրոնական Սիրիայում շարքից հանել են բարձրվոլտային էլեկտրալարերի աշտարակները: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը՝ դիվերսիայի հետևանքով դադարեցվել է էլեկտրամատակարարումը սիրիական 14 նահանգներից 5-ում՝ Համա, Տարտուս, Լաթաքիա, Իդլիբ և Հալեպ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Դեպքի վայր հասած բրիգադները վերականգնման աշխատանքներ են իրականացնում: Վթարի հետևանքները կվերացվեն առաջիկա ժամերին՝ հայտնել են իշխանությունները:
Սա առաջին դեպքը չէ, երբ էներգամատակարարման օբյեկտները դառնում են ահաբեկիչների թիրախ: Դեկտեմբերին Դամասկոսի մոտ գրոհայինները պայթեցրել էին գազատարի հատված, որով վառելիք էր մատակարարվում երկու էլեկտրակայանների:
Շատ փորձագետներ վստահ են, որ իսլամիստ գրոհայինների խմբավորումներն այնքան անհանգստացած չեն Ասադի զորքերի դեմ պատերազմով, որքան գրավված տարածքներում իրենց իշխանության ամրապնդմամբ:









































