ՀՀ ԳԱԱ վերընտրված նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այսօր անդրադառնալով Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին, նշել է, որ նախ երիտասարդները պետք է ներգրավված լինեն գիտության մեջ:
Պատճառը, ըստ բանախոսի, գիտական աշխատանքի և գիտաշխատողի վարկի՝ հասարակության մեջ ընկած լինելն է. «Դրա մեղավորները և՛ դուք եք, և՛ մենք, և՛ պետությունը»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը՝հավելելով, որ երիտասարդին գիտական դաշտ բերելու համար այն աշխատանքը, որ նրան առաջարկում են, նախ պետք է լինի գրավիչ, հետաքրքիր, երկրորդ՝ այդ մասին հանրությանը պետք է ճիշտ իրազեկել, երրորդ՝ պետությունը պետք է այս երիտասարդի սոցիալական խնդիրներն ապահովի. այս բոլորը պետք է իրար հետ համաձայնեցված լինեն:
Չունենալով համապատասխան մակարդակի պետական ֆինանսավորում՝ ԳԱԱ նախագահի խոսքերով, մեր գիտության զարգացման հիմնական աղբյուր մնում է գիտական միջազգային համագործակցությունը, որն այսօր շատ բարձր մակարդակի վրա է: Նա փաստել է, որ այսօր շատ զարգացած երկրներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ ունեն համատեղ լաբորատորիաներ. «Եթե մեր գիտական մակարդակը բարձր չլինի, Ֆրանսիայի ազգային հետազոտությունների մի քանի ինստիտուտ չեն առաջարկի համատեղ լաբորատորիա ստեղծել, նույնը Ռուսաստանի ԳԱԱ-ն է անում: Բացի այդ, մեր երեք ինստիտուտ Եվրոպական գիտական ինտեգրացում դրամաշնորհի շնորհիվ ստացել են (յուրանքաչյուրը) 500 հազար եվրո ֆինանսավորում:
Սակայն ամենահրատապ խնդիրը, որ այսօր մեր գիտության առաջ է կանգնած, Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, մեր գիտության ինֆրակառուցվածքի արդիականացումն է, մեր ինստիտուտների հետազոտական բազան արդեն բավականաչափ հնացել է և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, դա ենթակա է արդիականացելու, ինչը հսկայական միջոցների հետ է կապված, որովհետև գիտական սարքավորումն ամենաթանկ հաճույքներից է:








































