«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 27-ի հյուրը 24News.am-ի խմբագիր Նաիրա Պողոսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ երեկ հրավիրված բողոքի հավաքին և նշեց՝ կա նաև քաղաքական երանգ, որովհետև վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ տարածք հանձնելու մասին խոսք չկա. «Եթե թողնենք այն հանգամանքը, որ կարող է հրահրված լինել, նշեմ, որ ելույթներ ունեցողների մեջ կան մարդիկ, որոնց անձամբ ճանաչում են, որոնք արցախյան պատերազմում իրենց լուման ունեցել են։ Գուցե որոշ խոսքերի մեջ կար ագրեսիա, բայց և կարող էր մտահոգություն լինել»։
Նաիրա Պողոսյանը շեշտեց. «Եթե նույնիսկ ԱԺ-ում կամ դրա պատերից դուրս քաղաքական ուժերն «իրար ուտում են», արցախյան հարցում նման բան չկա։ Իհարկե նաև դիվիդենտներ շահելու խնդիր կար։ Վերջում կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ ասացին, որ այնպես չէ, որ իշխանություններին այդ հարցում մեղադրում են»։
Նրա դիտարկմամբ՝ շատ հստակ ասված է, որ հող հանձնելու մասին քննարկում նույնիսկ չկա. «Բայց մյուս կողմից նորմալ է, որ ժողովրդավարական երկրում նման հավաքներ կարող են լինել»։









































