«Կներեք, ես այս կյանքով չեմ կարող ապրել, մամ ջան, ներողություն եմ խնդրում: Աստված քեզ առողջություն տա, իմ երեխեքի գլխից անպակաս լինես, չեմ կարող ապրել առանց սիրո: Եթե կթողնես, մեկ անգամ կգամ կտեսնեմ երեխեքին»,- չորս տարի առաջ այս գրությունն էր թողել ամանորյա գիշերը Արարատի շրջանի Շահումյան գյուղի բակչուհի Ագնեսա Զաքարյանի հարսը և դիմել փախուստի:
Մեկ անգամ այս տարիների ընթացքում նա եկել է: «Եկավ մեկ անգամ, ասացի մնա, երեխեքին վերցրու՝ պահի: Հայրս մահացավ, գնացի թաղում եկա… էլի գնացել էր՝ նամակ թողնելով. «Էլ ներելու տեղ չունեմ»,- պատմեց Ագնեսա Զաքարյանը՝ հավելելով, որ վերջին գնալուց հետո չորս տարի է անցել, սակայն հարսն այդպես էլ չի վերադարձել, և ոչ մի անգամ ցանկություն չի ունեցել գալու, երեխաներին տեսնելու:
«Սարսափելի դժվարություններ եմ քաշել, ինսուլտ տարա, դրա համար էլ ձեռքս դողում է»,- ասաց տիկին Ագնեսան՝ ցույց տալով դողդողացող ձեռքը:
Նա պատմեց, որ իր հարսի նման հարս ողջ Շահումյանում չի եղել, յուրահատուկ աղջիկ էր, յուրահատուկ հարս, իսկ թե ինչը նրան փոխեց, սկեսուրը չգիտի: Ի դեպ, մայրն այդպես էլ ցանկություն չի ունեցել երեխաներին տանելու, իսկ հիմա չեն էլ տա: Տիկին Ագնեսան երեխաների խնամակալ է ճանաչվել: Երկու կով ունի, օրը հինգ լիտր կաթ է վաճառում, որ կարողանա թոռնիկներին պահել:
«Երկու երեխա ունեմ, ամուսին: Աշխատող չունենք, ամուսինս ոտքերի տրոմբ ունի, երկու երեխաներս էլ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ են: Երեխաների խնամակալը ես եմ, նպաստ եմ ստանում և թոշակ»,- ասաց կինը:
Մեծ որդուն՝ Գևորգին, ով երկու անչափահաս երեխաների հայր է, ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով, թե թոշակառու է, չի կարող աշխատել: «Մինչև 500 կգ կարող են բարձրացնել: Ես ականջի խնդիր ունեմ, ականջիցս թարախ է գալիս… 15000 թոշակով ո՞նց պահեմ երեխեքին, մենակ դեղերին է հերիքում»,- մեզ հետ զրույցում պատմեց Գևորգը:
Մյուս որդին էլ տառապում է էպիլեփսիայով, և ընդամենը 17.000 դրամ թոշակ է ստանում: «Ամսական 27.600 «Փարոսի», մի 30.000 էլ հաշմանդամության թոշակներն են, խանութներին էլ տեղ չունենք էնքան պարտ ենք: Վարկ են վերցրել, որ կովերի համար խոտ առնենք, կաթն էլ օրական հինգ լիտր վաճառենք, որ երկու թոռնիկներին պահենք»,- ասաց տիկին Ագնեսան՝ հավելելով, որ մի հեռուստացույց ունեին, այն էլ չորսամյա թոռնիկը վառել է:
Մեր գնացած ժամանակ թոռնիկը՝ Ագնեսան ջերմություն ուներ: Տատիկը գնացել՝ ջերմիջեցնող էր պարտքով դեղատնից բերել: Թեև փոքրիկը հիվանդ էր, բայց չզլացավ արտասանել բակում առատ ձյան, ձմեռ պապիկի և նվերների մասին, որոնք իրեն այնքան դուր են եկել:









































