«Իրականում ես շատ կցանկանայի, որպեսզի ծխելու դեմ պայքարի վերաբերյալ օրենքի նախագիծը մշակելիս կամ քննարկման ժամանակ լիներ նաև իրավական դիսկուրս, խորքային բանավեճ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նախօրեին նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շատ կցանկանար ծխելու արգելքի վերաբերյալ իրավական լուրջ ու բովանդակային քննարկում ծավալվեր։ «Ինքս չծխող եմ, ուղղակի օրգանիզմս նիկոտինի հանդեպ հատուկ առարկություններ ունի։ Բայց շատ եմ կարևորում իրավունքի դիրքերից, հատկապես մարդու ազատությունների դիրքերից հարցի քննարկումը։ Արդյո՞ք պետությունը պետք է հիերարխիկ դիրքերից արգելքներ սահմանի, և եթե այո, ապա արդյո՞ք այդ արգելքը համաչափ և իրավաչափ է մարդու հռչակված ազատությանը։ Կցանկանայի, որ այս բանավեճը ծավալվեր ոչ թե ծխողների ու չծխողների, հղիների ու հղիանալու ցանկություն չունեցող՝ սիգարետը հավասարության ատրիբուտ ընկալող կանանց միջև, այլ իրավագետների, որոնք կվերլուծեին այս արգելափակող ակտը մարդու իրավունքների ու ազատությունների և այդ տիրույթում պետության դերակատարության տեսանկյունից»,- գրել էր իրավապաշտպանը։
Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, ցավոք, այդ բանավեճը չի տեսնում, բայց կարծում է, որ խնդիր կա այդ մասով։ «Ազատությունների սահմանափակման խնդիր կա։ Մարդու ազատությունն արժեք է, և հիմա սահմանափակվում է այդ արժեքը։ Սակայն այստեղ կա նաև վնասակար սովորույթների սահմանափակման խնդիր և այլոց իրավունքների ոտնահարման։ Դրա համար կուզենայի, որ խորը քննարկում, բանավեճ գնար, ու պարզվեր, թե որքան կարող է պետությունը սահմանափակել մարդու ազատությունները»,- ասաց Հովհաննիսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































