Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: Այս մասին փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը պաշտպանության բնագավառում: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: