Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստովանել է, որ Կուբայում ենթարկվել է վիրահատության, հեռացրել են չարորակ ուռուցք: Նրա խոսքը տևել է ընդամենը 15 րոպե, ինչը խիստ անսովոր է, եթե համեմատելու լինենք նրա՝ մինչև 8 ժամ տևող հեռուստազրույցների հետ:
Չավեսն ասել է, որ հետազոտության ժամանակ իր մոտ հայտնաբերել են քաղցկեղ։ «Հեռացրել են քաղցկեղային բջիջները, և ես հիմա ամբողջական վերականգնման փուլում եմ»,- ասել է Վենեսուելայի նախագահը՝ հավելելով, որ վստահ է՝ առողջությունը կվերականգնի, սակայն այդ գործընթացը լինելու է «երկար և մանրակրկիտ»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Չավեսը ասել է նաև, որ վերջին տարիներին ընդհանրապես չի հետևել իր առողջությանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում լույս տեսնող Miami Herald-ը գրել էր, որ Չավեսի առողջական վիճակը կրիտիկական է: Վերջին անգամ Չավեսը հեռուստաեթերում հայտնվել էր հունիսի 12-ին, երբ հեռախոսով հարցազրույց էր տվել Վենեսուելայի հեռուստատեսությանը:









































