Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ հանդես են գալիս Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Հակառակ ղեկավարության կողմից հնչող սպառնալիքներին, թե՝ ակցիայի մասնակիցներին աշխատանքից կհեռացնեն, մի քանի տասնյակ աշխատակիցներ դուրս էին եկել պայքարի, նշում էին, որ չի հաջողվելու իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել և իրենց լռեցնել:
Ի դեպ, ՀԷՑ աշխատակիցները հունվարին ստացել են դեկտեմբերի գումարը՝ արդեն իսկ պահումներով: Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա մտնում է այս տարվա հաշվարկի մեջ: Նա նշեց, որ ընկերությունը կատարում է օրենքի պահանջը, որևէ կերպ չի կարող պատասխան տալ դրա համար:
«Բոլորդ գիտեք, որ ՍԴ-ն երկու կետ է կասեցրել, ու դրանք չեն վերաբերում աշխատավարձից պահում կատարելուն: Այս օրենքը բոլոր հիմնարկներին է վերաբերում, այնպես չի, որ ՀԷՑ-ը միակն է: Բոլոր հիմնարկների համար սա խնդիր է: Թե ինչպես մենք կլուծենք այս հարցը՝ ակտիվորեն քննարկվում է նաև մեզ մոտ»,- ասաց նա:
ՀԷՑ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արտյոմ Մուրադյանը նշեց, որ իրենք նամակ են պատրաստել Արհմիությունների կոնֆեդերացիայի ճյուղային միության նախագահի անունով, տեղեկացրեց, որ դեռ օրեր առաջ աշխատանքային խումբ է ձևավորվել, թեև իրենք՝ աշխատակիցները, պնդում են, որ այդ մասին տեղեկացել են միայն այսօր՝ ակցիայի դուրս գալուց առաջ:
«Պահումները, որ կատարվել են ընկերության հաշվապահության կողմից, առանձին հաշվի վրա են նստած. եթե ՍԴ-ն որոշում կայացնի օրենքը հակասահմանադրական ճանաչել, ապա այդ գումարը կվերադարձվի աշխատողներին: Ընկերության կողմից աշխատողների վիճակի վատացման քայլեր չեն արվել, այս օրենքը ոչ թե ՀԷՑ-ի կողմից է, այլ կառավարության»,- ասաց նա:
Ժամը 16:00-ին նախատեսված ժողովի նպատակը, ըստ Մուրադյանի, այն է, որ աշխատակիցներին տեղեկացնեն, թե փոխանցված գումարները չեն հանձնվել ֆոնդերին, իսկ կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որպես արհմիություն, կհայտնեն միայն ՍԴ որոշումից հետո:
Դ!եմ եմ նախաձեռնության անդամները, որ եկել էին՝ սատարելու ՀԷՑ աշխատակիցներին, նշում են, որ սպառնալիքների ժամանակը վաղուց անցել է, ուստի թող ՀԷՑ ղեկավարությունը չխոսի սպառնալիքների լեզվով: «Մտել են իրենց գրպանը՝ առանց հարցնելու իրենց ցանկությունը, ստորագրահավաք է կազմակերպվել, այն ներկայացվել է ղեկավարությանը, բայց ոչինչ չի եղել, միայն այսօր ասել են, որ ունենալու են ժողով, համոզել են հետ կանգնել այդ քայլից: Մեր նախաձեռնությունը կանգնելու է բոլոր աշխատակիցների կողքին, ում իրավունքները ոտնահարվում են»,- ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Դ!եմ եմ նախաձեռնության անդամները նշեցին, որ ՍԴ-ն իր որոշմամբ իրավունք էր վերապահել փոխանցումներ չկատարել ֆոնդերին, ուստի ոչ մի հիմք չկա պահումներ կատարելու, գործատուն նման իրավասություն չունի, դա չի մտնում իր պարտականությունների մեջ: Ֆոնդեր չեն ընտրվել, ուստի կատարված պահումներն աշխատակիցները հետագայում կարող են դատական կարգով ստանալ՝ պահանջելով տոկոսների փոխհատուցում:
«Ոտքի կանգնեցին մի քանի կազմակերպությունների աշխատակիցներ, մինչ այս կարիք ունեին երկխոսության ու բանակցելու, սակայն ոչ ոք նրանց ընդառաջ չգնաց, ուրեմն ի՞նչ են ասելու այսօր: Աշխատակիցները պահանջում են իրենց գումարը հետ ստանալ. սա է ամենակարևոր խնդիրը»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
ՀԷՑ աշխատակիցները պահանջում էին ժողովի համար չսպասել մինչև ժամը 16:00-ը, այլ ժողովը տեղափոխել կեսօր, որպեսզի իրենց հարցերին ժամ առաջ պատասխան տրվի, նրանց, սակայն, բացատրեցին, որ ժողովին պիտի մասնակցեն ներկայացուցիչներ ՀԷՑ-ի բոլոր ճյուղային կառույցներից:
«Էսօր ժողովրդի մոտ հացի խնդիր կա, ես չեմ ամաչում ասել՝ էս կոմունալ վճարումները, թանկացումները, վրադիր գալիս 8-10 հազար դրամ են պահում, ինչի՞ համար, ո՞ւմ համար, երեխո՞ւս: Էսօր պիտի հաց առնես, փող ունենաս, չէ՞: Ունեմ երկու երեխա, հիվանդ մայր, կին, որ չի աշխատում, ո՞նց պիտի պահեմ նրանց: Ու բոլորիս մոտ կա այդ խնդիրը»,- ասաց աշխատակիցներից մեկը:
ՀԷՑ աշխատողներից մեկն էլ նշեց, որ ֆոնդի մասին խոսակցություն չի եղել, ուղղակի պահել են գումարը, սակայն որևէ պարզաբանում չի եղել, միայն բացատրվել է, որ իբր հետո, երբ ընդունվի օրենքը, միանգամից աշխատավարձից պահում չանեն, դրա համար էլ արդեն իսկ սկսել են պահել:
ՀԷՑ-ում գրանցված 8 հազար աշխատողներից կենսաթոշակային նոր համակարգը վերաբերում է 2500-ին: Ի վերջո, աշխատակիցները համաձայնեցին սպասել մինչև ժամը 16:00-ը, մասնակցել ժողովին, հանդիպել ղեկավարության հետ:









































