Արորդաց քուրմ Գեղամ Ասլիբեկյանի հավաստիացմամբ՝ Տյառնընդառաջը կամ Տրընդեզը շատ ավելի հին է, քան այժմ դրա մասին ասվում է: Տոնի արմատները գալիս են դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Մինչև քրիստոնեության ընդունումը տոնը նվիրված է եղել Տիր և Միհր աստվածներին, որոնք նույնացվել են կրակի և մաքրության հետ:
Տոնի կարևոր բաղադրիչն է եղել կրակը, որի վրայով մարդիկ թռել են, հավատացել նրա զորությանը և բժշկող հատկությանը: Մարդիկ հավատացել են, որ կրակի մեջ որևէ իր նետելով՝ իրենց երազանքները կարող են իրականացնել:
Ինչպես ասաց բանախոսը, այս օրը տոնի խորհրդանիշներն են եղել զոհաբերվող կենդանին, գինին և տարեհացը, քուրմերը ծիսական պար են պարել խարույկի շուրջ:
Նա ասաց նաև, որ հեթանոսների իրենց համայնքում բոլոր տոները, որոնք նախաքրիստոնեական ծագում ունեն, նշվում են այնպես, ինչպես արել են մեր նախնիները:









































