«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշանակվելու է օրերս Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի փոխարեն: Նշենք, որ Արզուման Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է:
Այս առաջխաղացմամբ, ըստ էության, կրճատվելու է Արզուման Հարությունյանի՝ ԱԱԾ տնօրեն դառնալու ճանապարհը: Վաղուց խոսակցություններ կան, որ հենց նա է փոխարինելու Գորիկ Հակոբյանին: Նախ կնշանակվի առաջին տեղակալ, ապա, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, 2016 թվականի փետրվարից կդառնա նաև ԱԱԾ տնօրեն, երբ կլրանա Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:
Ուշագրավ է, որ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությանը հաջորդեցին ևս մի քանի պաշտոնանկություններ համակարգում, ինչի մասին չբարձրաձայնվեց, և ինչը խոսում է այն մասին, որ ամեն բան բնավ էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Ընդ որում՝ պարզվում է, որ Գորիկ Հակոբյանի և Ռոմիկ Հարությունյանի միջև քավոր-սանիկական հարաբերություններ կան: Գորիկ Գուրգենիչը Ռոմիկի քավորն է, բայց, փաստորեն, դա էլ չփրկեց նրան:








































