Կառավարության դիմաց շուրջ մեկ ժամ է՝ իրենց բողոքի ակցիան են անցկացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Ըստ նրանց՝ գործարանի ղեկավարությունը չի փոխանցել շուրջ 15 ամսվա իրենց աշխատավարձերը: Այժմ նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Նաիրիտցիներին կառավարությունից մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը տեղեկացրեց ներկաներին, որ վարչապետը իրավասու չէ պատասխանել իրենց հարցերին: Փոխարենը նա առաջարկեց հանդիպել լիազոր մարմնի՝ էներգետիկայի նախարարի հետ: Նաիրիտցիները չհամաձայնեցին այս պայմաններին՝ վանկարկելով՝ «վարչապե՛տ, դո՛ւրս արի, Տիգրա՛ն Սարգսյան, պատասխա՛ն»:
Նրանք նաև հայտարարեցին անժամկետ գործադուլի մասին՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում անգամ հացադուլ անել:
Այս պահին կառավարության շենքի դիմաց է Ալեքսանդր Ղազարյանը, որն ամեն կերպ փորձում է բանակցել մարդկանց հետ՝ իր պայմանին համաձայնելու համար:








































