Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը այսօր կազմակերպել էր «Ինչ գործոններ են ազդում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա» խորագրով քննարկում։ «Նախարարության անցկացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ այսօր երիտասարդների 75%-ը գործազուրկ է, ավելին՝ նրանք չեն էլ փորձում աշխատանք փնտրել։ Մեկ այլ ցուցանիշ՝ աշխատանք ունեցող երիտասարդների 96%-ը իր մասնագիտությամբ չի աշխատում»,- այս վիճակագրությունը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմորոշման կենտրոնի» տնօրեն Հայկուհի Գևորգյանը։
Կենտրոնի աշխատակիցները համոզված են, որ այս տխուր վիճակագրության պատճառը ոչ այնքան երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, մասնագիտական կրթության ցածր որակը, այլ երիտասարդների հուսալքված հոգեվիճակը և գործատուի հետ հարաբերությունները կազմակերպելու հմտություններին չտիրապետելը։ Կենտրոնը փորձում է օգնել մարդկանց ոչ թե աշխատանք գտնել, այլ կարիերա կազմակերպել։ Հաճախող երիտասարդներին սովորեցնում են CV գրել, անցկացնում են աշխատանքային իրավահավասարության դասընթացներ։
Նման դասընթացներ անցկացվում են նաև ԵՊՀ կարիերայի կենտրոնի կողմից՝ ինչպես տեղեկացրեց կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը։
Սակայն մեր հարցին, թե քանի հոգի է աշխատանք գտնել այս կազմակերպությունների միջոցով, բանախոսները չկարողացան պատասխանել՝ դիմողների հետ հետադարձ կապ չունենալու պատճառաբանությամբ։









































