Առաջիկայում ոստիկանության համակարգում շատ ուշագրավ կառուցվածքային փոփոխություն է սպասվում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մասնավորապես հանվելու է մարզային և համայնքային ոստիկանապետի պաշտոնն ընդհանրապես: Ավելի կոնկրետ` անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության: Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ վարչական շրջաններում և մարզերում ստեղծվելու են առանձին «փոքր ոստիկանություններ», որոնց ղեկավարները ոստիկանապետից բացի` ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին:
Թե առհասարակ ինչ լուծում կտրվի հարցին այս փոփոխությունից հետո, դեռևս պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ինչ նպատակ է հետապնդում այն: Թերևս Եվրոպայի պահանջն է:
Երբ փորձեցինք ոստիկանությունից մանրամասներ ճշտել մոտ ապագայում սպասվելիք այս փոփոխության հետ կապված, մեզ ընդամենը պատասխանեցին, որ ոստիկանությունում մշտապես տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, ոչինչ չի բացառվում, բայց մեր մատնանշած փոփոխության հարցի հետ կապված դեռևս որոշակի ոչինչ չկա:
ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով սպասվող փոփոխությանը` ասաց, որ ինքը կտրականապես դեմ է նման փոփոխության: Այն վաղաժամ է և Հայաստանում ներդրվելու պարագայում չի տա ցանկալի արդյունք: «Երբեմն նման պատահական, վայ մարզպետների պարագայում ոստիկանական որոշ կառույցներ էլ որ տան նրանց ձեռքը, նրանք դա օգտագործելու են անձնական գվարդիայի տեղ: Համենայնդեպս, մարզային այս կառուցվածքների պարագայում մունիցիպալ ոստիկանության ամբողջական գաղափարը, որը տեսության մեջ կա, ես գտնում եմ ժամանակավրեպ, և սխալ կլինի դրա ներդրումը»,- ասաց պարոն Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով` այդ համակարգը չի աշխատի, քանի որ Հայաստանում ոչ ճիշտ կադրային քաղաքականություն է տարվում: Պատասխանատու գրեթե ոչ մի պաշտոնում ղեկավարներն իրենց տեղում չեն: «Հայաստանում նորմալ մարդկանց պարագայում ցանկացած համակարգ էլ կաշխատի: Բայց դուք նայեք որոշ մարզպետների կրիմինալ անցյալին, կրիմինալ ներկային ու այդ պարագայում տվեք նրանց նաև ոստիկանական կառույցները: Աշխարհի վերջը կլինի: Պետք է անդրադառնալ այն հարցին, թե այսօր Հայաստանի իրականությունը պատրա՞ստ է նման լրացուցիչ իշխանական լծակներ տալ տեղական ինքնակառավարման մարմիններին: 25 տարեկան տղան թաղապետ է: Պատկերացնում եք` նա ոստիկանություն էլ ունենա»,- նկատեց Աբրահամյանը՝ ավելացնելով. «Հարցին պետք է կոմպլեքս նայել` ընդհանուր կառուցվածքային փոփոխությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը, կադրերի ընտրման և նշանակման կարգը: Ախր հիմա ոչ մի չափանիշ չկա: Այսինչի տղան այնինչի գործերի կառավարիչն է, էնինչի եղբոր տղան թաղապետ է: Այն մեկի եղբայրը մարզպետ է կամ քաղաքապետ: Դրա համար էլ ասում եմ, որ սա հանպատրաստից փոփոխություն կլինի: Ինչ-որ մեկին տուրք տալու համար պետք չի գնալ դրան»:
Նախկին նախարարից հետաքրքրվեցինք՝ այս փոփոխությամբ արդյոք չի՞ թուլանում ոստիկանապետի ազդեցությունը, քանի որ հայտնի է, որ նա այսօր կարողանում է իր բռի մեջ պահել համակարգը: «Բացարձակապես չի թուլանա: Վերջին հաշվով, միայն ոստիկանապետի ձեռքում է օպերատիվ-հետախուզական գործունեության մենաշնորհը: Իսկ ոստիկանության ուժը հենց օպերատիվ-հետախուզական գործունեությամբ է պայմանավորված և ոչ թե գլխաքանակով: Դրա համար, կթուլանա ոստիկանապետի ազդեցությունը, թե ոչ` դրանք երկրորդական-երրորդական հարցեր են: Պարզապես պետք է հաշվի առնենք, թե ում ձեռքն ենք տալիս այդ ուժը: Պետք է վիզուալ նայել մեր այսօրվա թաղապետերին, քաղաքապետերին և մարզպետներին ու որոշել՝ կարելի՞ է նրանց զինված մարդկանցով խումբ տրամադրել, թե՞ ոչ»:
Սուրեն Աբրահամյանի խոսքով միայն Եվրոպայի պահանջով չի կարելի գնալ նման փոփոխության: Նրա դիտարկմամբ` «իրենք ժամանակին եվրոպաների հետ աշխատել են, և երբ նրանց հիմնավոր բացատրում ես խնդիրը, իրենք լավ էլ հասկանում են: Պետք չէ կուրորեն հետևել Եվրոպայի պահանջներին: Պետք է հաշվի առնել տեղանքը, ազգային մենթալիտետը ու հազար ու մի այլ հանգամանք: Պետք չէ ասել՝ սա Եվրոպայի պահանջն է, ու վերջ: Կարելի է այդ ամեն ինչն ավելի չափավոր ձևով անել: Ես որ կտրականապես դեմ եմ այդ փոփոխությանը»:
Հիշեցնենք, որ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու գաղափարը ավագանու ընտրությունների ժամանակ առաջ էր քաշում նաև ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` այդ փոփոխությունը չէր բխի ՀՀԿ շահերից:
Այն, որ այդ փոփոխությունը չի բխի իշխանությունների շահերից, համակարծիք է նաև իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: «Իհարկե, ռեֆորմները դժվար կընթանան, բայց ես մի քիչ կասկածում եմ, որ քաղաքական ուժերը համաձայն կլինեն դրան: Մասնավորապես իշխանությունները: Այստեղ առաջնային խնդիրը քաղաքական է: Այս փոփոխությամբ կստացվի, որ ոստիկանությունը, որը շատ հաճախ քաղաքական պատվերներ է կատարում, իր գործառույթների մի մասը զիջելու է ՏԻ մարմիններին: Սա որոշ իմաստով նշանակում է ոստիկանության ապաքաղաքականացում: Սա կլինի պրոգրեսիվ մոտեցում, բայց, կրկնում եմ, կասկածում եմ, որ քաղաքական մեծամասնությունը կողմ կլինի դրան: Կասկածում եմ նաև, որ այդպիսի փոփոխության գնալու քաղաքական կամք կա»,- ասաց Ղազարյանը:
Նրա համոզմամբ, սակայն, ժամանակն է հանրային ոլորտի կարգավորման որոշ խնդիրներ տալ համայնքային իշխանություններին: Դա, նրա խոսքով, կմեղմացնի համակարգի խիստ կենտրոնացվածությունն ու քաղաքականացվածությունը: Դա բխում է նաև եվրոպական փաստաթղթերից, մասնավորապես Տեղական ինքնակառավարման մարմինների մասին եվրոպական խարտիայից: Ղազարյանի խոսքով` եթե ամեն դեպքում այդ փոփոխությանը գնալու որոշում կայացվի, ապա դա բավական ժամանակ կպահանջի: Նախ պետք է հայեցակարգային փաստաթուղթ մշակել, հետո դնել հանրային քննարկումների: Դրանից հետո, երբ պարզ կլինի քաղաքական մեծամասնության մոտեցումը, ապա արդեն նախագիծ կմշակվի ու կդրվի քննարկման: «Դա կարող է նույնիսկ տասնամյակ տևել»,- կարծիք հայտնեց իրավաբանը:








































