«Ողբերգություն տեղի չի ունեցել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ստրասբուրգում Հայաստանի և Եվրամիության միջև համատեղ հայտարարության չընդունմանը, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակն էր փորձել բացատրել եվրոպացի գործընկերներին սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը, և որ՝ այո, Մաքսային միությունը կայացած փաստ է, բայց նաև շարունակում ենք հարաբերությունները Եվրոպայի հետ. «Մեր նպատակը սա էր, բայց պետք է նշել, որ ոչ միայն սեպտեմբերի 3 էր եղել, այլ եղել էր ԵԽԽՎ բանաձև, երբ ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ բանաձև էր ընդունվել»:
Նրա խոսքերով՝ տարիներ անց այս ամբողջ պատմությունը կվերանա և կհիշվի մեկ բան, այն է՝ սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ մենք չկարողացանք համատեղ փաստաթուղթ ստորագրել: Վարդանյանը ընդգծեց, որ Ղարաբաղի հարցով վատ բանաձևից հետո համատեղ հայտարարության ստորագրումը կնշանակեր, որ ոչ թե շահեցինք, այլ կորցրինք:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Ստեփան Մարգարյանը նշեց, որ ինքն իր տեսակետը չի փոխել և շարունակում է պնդել, որ մենք հայտարարություն կարող էինք ստորագրել. «Պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ի այս պատգամավորները փոխվելու են, բացի այդ՝ սխալ են այն պնդումները, թե մենք նախորդ անգամ լավ փաստաթուղթ ենք ունեցել՝ դա նախորդ անգամ չէր, նախորդը 13 թվականին էր, երբ իրենք Հայաստան նիստի չեկան:
Մարգարյանի խոսքերով՝ մենք այս նիստը պետք է օգտագործեինք որևէ հայտարարություն ստորագրելու համար. «Մի անգամ պարզապես չեն եկել, մյուս անգամ չի քննարկվել, բայց սեպտեմբերի 3-ից հետո շատ կլիներ, եթե մտածեինք, որ շռնդալից հաղթանակ կունենայինք:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ համաձայն է՝ սկզբնական տեքստը վատն էր, բայց այն կարելի էր փոխել. «Ինչքան էլ ասում էին՝ սա փոփոխման ենթակա չէ, ընթացքում պարզվեց՝ այս կամ այն բառը հանվում է: Ես համաձայն եմ, որ շատ մեծ ողբերգություն պետք չէ սարքել, բայց սա երկրորդ դեպքն է, երբ մենք անհաջողություն ենք ունենում այս հարաբերություններում, և մենք իսկապես մեկ հնարավորություն ևս բաց թողեցինք»:
Պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ պետք չէ տեղի ունեցածը թերագնահատել կամ գերագնահատել, բայց պետք է արձանագրել, որ իրենք շփվել են մարդկանց հետ, ովքեր եվրոպական քաղաքականության մեջ խոշոր դերակատարում ունեն:
«Ընդհանուր առմամբ կառանձնացնեմ մի քանի դրույթ. առաջին՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ: Եվրոպական միությունում ՀՀ-ին ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես ինքնիշխան պետություն: Հայաստանն ընկալվում է որպես երկիր, որն ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի հարաբերությունները Մաքսային միության հետ զարգանում են Եվրոպական միության հետ հարաբերությունների հաշվին. «Այս պրոցեսը կա և բերելու է իր հետևանքները»:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ կար տարակուսանք, կար հիասթափություն, և իրենց ակնկալիքները չեն բավարարվել. «Բայց ես ցանկանում եմ, որ մենք նայենք առաջ: Ակնհայտ է, որ Եվրոպայի դուռը Հայաստանի համար դեռևս փակ չէ, Հայաստանը հնարավորություն ունի բանակցված փաստերը ստորագրելու, եթե գիտակցի, որ Մաքսային միությանը միանալը, ըստ էության, ավելի ցածր արժեք է, քան Եվրամիության հետ հարաբերությունները»:








































