Արդեն անդրադարձել ենք Ռուսաստանի Դաշնության օրենքի այն փոփոխությանը, որով այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:
Այսինքն, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները Ռուսաստանում իրավունք ունեն գտնվել ընդամենը երեք ամիս, ապա պետք է վերադառնան իրենց երկիր, երեք ամիս մնան և նորից կկարողանան երեք ամիս անցկացնել Ռուսաստանում: Այս որոշումը շարունակում է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի տարբեր քաղաքաներ տարիներ շարունակ աշխատանքի նպատակով մեկնող հայազգի և այլ երկրների քաղաքացիների համար: Եվ մանավանդ Սոչիի օլիմպիական խաղերի հետ կապված՝ բավականին խստացել է նրանց այնտեղ աշխատանք տրամադրելու հարցը ևս: Ստացվում է՝ բացի այն, որ Ռուսաստան աշխատանքի համար մեկնող մեր հայրենակիցները ժամկետի հետ կապված խնդիրներ են ունենում՝ բավարար գումար հավաքել չհասցնելու պատճառով, հիմա էլ նաև դժվարությամբ են աշխատանք գտնում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անապա քաղաքում արդեն 5 տարի շինարարությամբ զբաղվող Հակոբ Մարգարյանը (անունը փոխված է) նշեց, որ արդեն Անապայում է եղել, երբ իմացել է օրենքի մասին, և Ամանորից հետո չի կարողանում գործ գտնել, ուր գնում է՝ անձնագիր են ուզում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացել էր Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանից՝ այն ընկերությունները, որոնք երկրում գտնվող անօրինական միգրանտներին աշխատանքի են վերցնում, տուգանվում են բավականին մեծ գումարի չափով: Իսկ հիմա իրավիճակն էլ ավելի է բարդացել:
Մեր զրուցակից Հ. Մարգարյանն ասաց, որ գործն ամեն տեղ «թափած է», բայց չի կարողանում անել՝ ստիպված է ետ գալ և Օլիմպիադայից հետո նորից մեկնել՝ գուցե բախտն այդ անգամ բերի:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից անօրինական միգրանտներին հետ ուղարկելը երբեմն այդքան էլ «սիրալիր» չի արվում: Հաճախ ոստիկանությունը նրանց հայտնաբերելով՝ ժամեր շարունակ պահում է ոստիկանական բաժանմունքում, կոպտում, երբեմն նաև հարվածում, եթե ինչ-որ բան իրենց սրտով չի արվում:
Մեր զրուցակից 48 ամյա Ալեքսանդր Պողոսյանը (անունը փոխված է), ում դեռ նախքան օրենքի փոփոխությունները Սոչիից հետ են ուղարկել այստեղ, ոստիկանական բաժնում է եղել, երբ այնտեղ մի կին են բերել, վերջինս լաց է եղել՝ ասելով, թե աշխատում է երկու ուսանող աղջիկներին պահելու համար, ապա խնդրել է, որ ետ չուղարկեն, սակայն՝ ապարդյուն: Պողոսյանին, սակայն չի հաջողվել պարզել, թե այդ կինը որ երկրից է, սակայն այնտեղ աշխատել է որպես վարսավիր:









































