Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարներից ջնջել են լսողական սարքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը, որը Կաստրոյի ռետուշ արված լուսանկարները ստացել է Estudios Revolucion կուբայական ֆոտոգործակալությունից:
AP-ի ֆոտոծառայության ներկայացուցիչների խոսքերով՝ ռետուշի հետքեր հայտնաբերվել են լուսանկարների վրա, որոնք արվել են Ֆիդել Կաստրոյի և Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեայի հանդիպմանը: Այդ լուսանկարների հեղինակը՝ Ֆիդելի որդի Ալեքսը, AP-ի խնդրանքով գործակալությանն է փոխանցել լուսանկարներից մեկի բնօրինակը: Ալեքս Կաստրոյի տրամադրած լուսանկարում երևում է լար, որը մտնում է Կաստրոյի ականջի մեջ, իսկ Estudios Revolucion-ի տրամադրած լուսանկարում լսողական սարքի ոչ մի հետք չկա:
AP-ի անցկացրած ստուգումը ցույց է տվել, որ նման մանիպուլյացիաներ արվել են նաև Կաստրոյի և Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների հանդիպմանն արված լուսանկարների հետ: Ընդ որում, Ալեքս Կաստրոն, ով լուսանկարների մեծ մասի հեղինակն է, հայտարարել է, որ լուսանկարները փոփոխության են ենթարկվել առանց իր իմացության:








































