Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին տուգանել են 185 դոլարով արտահայտությունների համար, որոնցում նա գնչուներին մեղադրել է մակաբուծության ու գողության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը սկզբում մտադիր չէր դիտարկել դեպքը, քանի որ Բեսեսկուն այդ արտահայտություններն անելիս գտնվել էր Ռումինիայի սահմաններից դուրս: Սակայն երկրի Գերագույն դատարանը պարտավորեցրել էր խորհրդին, որը հանդիսանում է խորհրդարանին կից ինքնավար մարմին, քննել գործը:
Բեսեսկուին պատժել են 2010 թվականին Սլովենիայում մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերի համար:
Պաշտոնական տվյալներով՝ Ռումինիայում ապրում է 620 հազար գնչու: Ենթադրվում է, որ այդ թիվն ավելին է, իրականում շատ գնչուներ չեն հայտարարում իրենց էթնիկ պատկանելության մասին՝ վախենալով խտրականությունից:










































