Վերականգնողական ծրագրի ավարտից հետո վերջին երկու շաբաթների ընթացքում բժիշկները ջանքեր էին գործադրում գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին կոմայից դուրս բերելու ուղղությամբ:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գտնվող հիվանդանոցի բժիշկները հաջողություններ են գրանցել Շումախերին կոմայից դուրս բերելու գործում, նա բացել էր աչքերը, բայց հեղինակավոր Bild պարբերականը տեղեկատվություն է տարածել, որ դրական տեղաշարժ այդ առումով չկա:
Նշվում է, որ Շումախերը շարունակում է մնալ անգիտակից ու չարձագանքել արտաքին ազդակներին:
Հիվանդանոցում է գտնվում ավտոարշավորդի կինը՝ Կորիննան: Բժիշկների խորհրդով՝ նա հաճախակի խոսում է ամուսնու հետ: Դա կարող է օգտակար լինել վերականգնողական պրոցեսում:





































