Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սոչիում Օլիմպիադայի հանդիսավոր բացման ժամանակ ցուցադրված Վրաստանի պատկերի կապակցությամբ` հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դժգոհության պատճառն այն է, որ վրացի մարզիկների մուտքի ժամանակ ցուցադրված Վրաստանի արբանյակային լուսանկարում Աբխազիան և Հարավային Օսիան փակված են եղել ամպով: Ընդդիմադիրները, որոնք ներկայացնում են Վրաստանում նախկինում իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը, դրանում քաղաքական ենթատեքստ են տեսել:
«Գրուզիա Օնլայնի» փոխանցմամբ` այս կապակցությամբ իր զայրույթն է հայտնել նաև «Եվրոպացի դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան:
«Ոմանք ցանկանում են ցույց տալ, որ Վրաստանի քարտեզն իբրև թե պատահականորեն փակվել է սպիտակ ինչ-որ բանով, որը նման է ամպի: Ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ դա միտումնավոր է արվել»,- ասել է նա:
Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ հակված չէ նման բաներին չափազանց լուրջ նշանակություն տալ: Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանի միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական նյութերում վրաստանը պատկերված է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:









































