Հարգելի ընթերցողներ, մեր կայքը մի քանի օր շարունակ գտնվում էր հաքերային հարձակման տակ, ինչը վերջին շրջանում ընդհանրապես կրում է պարբերական բնույթ: Կայքը պաշտպանելու և այն ընթերցողներին հասանելի պահելու համար մենք գործադրում ենք, կարելի է ասել, տիտանական ջանքեր, ինչը մեզանից խլում է ժամանակ, էներգիա, այլ ռեսուրսներ, որոնք մենք կարող էինք ներդնել ընթերցողի համար մեր աշխատանքի ավելի բարձր արդյունավետության գործում: Բայց մենք ստիպված ենք կռիվ տալ հաքերային հարձակումների դեմ, և եթե ասենք, որ մենք ստիպված ենք պատերազմել, ապա ամենևին չափազանցած չենք լինի:
Ներկայում պատերազմները դառնում են բազմաբնույթ, և դրանք ամենևին պետք չէ պատկերացնել որպես զինված բախում երկու թշնամի պետությունների կամ ազգերի միջև: Ինֆորմացիոն, տեխնոլոգիական պատերազմները դարձել են 21-րդ դարի ուղեկիցը, և մենք էլ, դժբախտաբար, զերծ չմնացինք այդ պատերազմին դիմագրավելու անհրաժեշտությունից:
Կոնկրետ այս դեպքում մենք գտնվում ենք այլակարծության դեմ հայտարարված պատերազմի թիրախում՝ պատերազմի, որի ներքին հրամանատարների ու նրանց արտաքին հովանավորների գլխավոր խնդիրն է ոչնչացնել ցանկացած այլակարծություն, գործելով «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» հանրահայտ սկզբունքով՝ գրոհել բոլոր նրանց, ովքեր իրենց նման չեն մտածում, ովքեր չեն փորձում հայտնվել որևէ ճամբարում և չեն ընդունում որևէ այլ ճամբար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճամբարից բացի, ովքեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության մասին հարցադրումներով՝ ուղղված բոլորին, բոլոր նրանց, որոնք հայտ են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը տնօրինողի դիրքերի համար:
Դա պատերազմ է և՛ այսօրվա, և՛ ապագայի դեմ, և դրա համար էլ այդ պատերազմում խնդիր է դրված ոչնչացնել հիշողությունը, հիշողության բազան՝ բառի ոչ միայն ուղղակի տեխնոլոգիական, այլ նաև պատկերավոր իմաստով, ջնջել հանրային հիշողությունից ամեն բան, որովհետև նման վիճակը հնարավորություն է տալիս առավելագույնս կառավարել հասարակությանը այսօր և ապագայում, հասարակությանը խմորել ուզածի պես:
Մենք գիտակցում ենք, որ այս պատերազմը է՛լ ավելի է թեժանալու Հայաստանում ընտրական նոր կրքերի թեժացմանը զուգահեռ, իշխանության համար պայքարի թեժացմանը զուգահեռ: Սակայն մենք նաև դատապարտված ենք մասնակցել այս պատերազմին, մասնակցել ազատ խոսքի և այլակարծության պաշտպանությանը, որովհետև մենք անտարբեր չենք՝ անտարբեր չենք հասարակության ու պետության ապագայի համար, անտարբեր չենք Հայաստանի քաղաքացիներին տարաբնույթ ճամբարային մանիպուլյացիաներից պաշտպանելու համար, անտարբեր չենք Հայաստանի անկախության, զարգացման ապագայի համար կարևոր հարցադրումները առանց խտրականության հնչեցնելու և քաղաքացիների առաջ սպառիչ ու հանգամանալից պատասխաններ պահանջելու համար, որպեսզի մեր չափով, մեր լումայի չափով կարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ստեղծել ընտրելու, ազատորեն, շահարկումներից զերծ կամարտահայտության նախադրյալներ:
Անտարբերությունը երբեք անվտանգ չի եղել, սակայն առավել քան վտանգավոր է այսօր, երբ ուղղակիորեն որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը, մեր տեղն ու դերը համաշխարհային ասպարեզում: Այսինքն՝ մեզ համար այս ամենը լիովին գիտակցված պայքար է հանուն այն արժեքների, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին՝ ազատություն, ընտրության հնարավորություն, իրավական պաշտպանվածություն; Արժեքներ, առանց որոնց չկան զարգացման ու անվտանգության հեռանկարներ, արժեքներ, որոնք ուժեղացնում են ոչ թե առանձին խմբերի և հանդիսանում նրանց քաղաքական կամ անձնական հավակնությունների բավարարման հիմքեր, այլ ուժեղացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը և միայն որը կարող է լինել ուժեղ և մրցունակ Հայաստանի հիմքը:








































