Հրուշակագործական կոնցեռնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին որպես նվեր է բերել նրա իրական չափի շոկոլադե ֆիգուր: Այդ մասին գրել է Վատիկանի Osservatore Romano պաշտոնաթերթը: Ֆիգուրը պատրաստվել է Գվատեմալայում աճեցված կակաոյի հատիկներից և հանձնվել պապին ամենշաբաթյա ժամերգության ժամանակ:
Բացի այդ, հրուշակեղենի կոնցեռնի նախագահը պապին նվիրել է 1.5 տոննա շոկոլադ: Հովվապետը մտադիր է քաղցր նվերը բաժանել Հռոմի անտուն բնակիչներին՝ հայտնում է Interfax-ը:
Շոկոլադե արձանը կհամալրի պապի ստացած արտասովոր նվերների ցանկը: 2013-ի հունիսին հովվապետին Harley-Davidson մոտոցիկլետ էին նվիրել: Այն այսօր բարեգործական նպատակներով աճուրդի է հանվել Փարիզում: Bonhams աճուրդի տան ներկայացուցիչ Բեն Ուոքերը հայտնել է, որ վաճառքը մոտ 16-20 հազար դոլար կբերի, որը կտրամադրվի Caritas բարեգործական ընկերությանը:







































