Հաքերների անանուն մի խումբ հարձակվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կայքերի վրա՝ ահաբեկիչներին զրկելով իրենց ահաբեկչությունների մասին աշխարհին տեղեկացնելու հնարավորությունից: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Associated Press գործակալության տեղեկություններով՝ կայքերի վրա հարձակումները տևել են երկու օր: Նշվում է, որ հաքերներն օգտագործում են լավ մտածված, բավական բարդ մեթոդներ: Կայքերը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր:
Հունիսի սկզբին մենք տեղեկացրել էինք, որ բրիտանական հետախուզությունը հետաքրքիր օպերացիա է իրականացրել՝ խափանելով «Ալ-Քաիդա» խմբավորման ինտերնետ կայքերից մեկը: Բոլոր նրանք, ովքեր մտնում էին այդ կայք՝ տեղեկանալու, թե այսօր ում և որտեղ պայթեցրեց «Ալ-Քաիդան», տեսնում էին թխվածքներ պատրաստելու բաղադրատոմսեր: Տեղադրված 67-էջանոց նկարազարդ ամսագիրը կոչվում էր՝ «Ինչպե՞ս պատրաստել ռումբ մայրիկի խոհանոցում». շեֆ-խոհարար՝ «Ալ-Քաիդա»-ից:











































