Իտալական Կրեմոն քաղաքի քաղաքապետ Ջանլուկա Գալիմբերտին դիմել է բնակիչներին՝ խնդրելով լռություն պահպանել Ստրադիվարիուսի բնօրինակ ջութակի հնչողությունը ձայնագրելու նախագծի իրականացման համար:
Տեղի քաղաքային թանգարանում պահպանվել են այնպիսի վարպետների ջութակներ ու թավջութակներ, ինչպիսիք են Անտոնիո Ստրադիվարիուսը, Նիկոլո Ամատին և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուն: Թանգարանի հսկիչի խոսքով՝ ժամանակի հետ դրանց բացառիկ հնչողությունը անհետանում է: Այն պահպանելու համար Կրեմոնում գործարկվել է նախագիծ՝ «Ստրադիվարիուսի հնչյունների գրադարան», որն իրենից ներկայացնում է տվյալների թվայնացված բազա, որում պետք է ձայնագրվեն քաղաքային թանգարանից ընտրված վարպետների գործիքների հնչողության բոլոր տոները:
«Մենք աշխարհում միակ քաղաքն ենք, որը պահպանել է ինչպես գործիքները, այնպես էլ դրանց հնչողությունը: Այս բացառիկ նախագիծը հաջորդ սերունդների համար է, և ես վստահ եմ, որ Կրեմոնի բնակիչները կըմբռնեն, որ շրջանում այս միջոցառումները անհրաժեշտություն են»,- քաղաքապետի խոսքերն է մեջբերում The New York Times-ը:
Հնչյունների ձայնագրման ժամանակ ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնում ավտոմեքենաների երթևեկությունը, որպեսզի հնչողությունը չխաթարվի:







































