Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հիմնական հարցերը որոշվել են մինչև նիստերը, և մենք հիմա որոշումների իրականացման գործընթաց ենք տեսնում։ «Դա կարելի է ներել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանը նոր է սկսում իր աշխատանքը, բայց դա չի համապատասխանում մեր ակնկալիքներին։ Մենք ցանկանում ենք, որ դա լինի կենդանի քաղաքական գործընթաց, որտեղ կան տարբեր քաղաքական դիրքորոշումներ և պարտադիր չէ, որ այդ դիրքորոշումները ամբողջ խմբակցության անունից հնչեցվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ կարելի է միայն հուսալ, երբ ընթացակարգային հարցերի քննարկումն ավարտվի, մենք այդպիսի մթնոլորտ կունենանք։
Մեր զրուցակիցը նշում է՝ մարդիկ պետք է պատրաստ լինեն ինքնուրույն աշխատել. «Մենք առայժմ այդ ինքնուրույն աշխատանքի դրսևորումները չենք տեսնում։ Հասկանալի է՝ նոր են, բայց երիտասարդ ու տաղանդավոր։ Նրանք քիչ ժամանակ ունեն, պետք է շփվեն նրանց հետ, ումից կարելի է գիտելիք և փորձ ստանալ»։
Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ մարդիկ իներցիայով մտածում են, որ հարց լուծողը Փաշինյանն է, բայց այդ պրակտիկայից պետք է հրաժարվել. «Եթե այսպես շարունակվի՝ վարչապետն ուղղակի ժամանակ չի ունենա անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնց պետք է ընթացք տալ։ Եվ ուրեմն մարդիկ պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, չվախենան, որ ինչ-որ բան այնպես չեն անում, ինչպես վարչապետն է պատկերացնում։ Երիտասարդության առավելությունն այն է, որ դու պատրաստ ես ռիսկերի, պետք է համարձակ լինես»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։







































