Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:Հունվարի 15-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Ատլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ:
Տեղի է ունեցել նաև ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Նման միջավայրում և նման մասնագետների հետ շփումն ինչ-խոսք մեծապես կնպաստի մեր մարզիչների մասնագիտական որակների աճին: Ցավոք, այսօր մեր երկրում քիչ են մասնագետները որոնք իսկապես կարող են եղանակ ստեղծել: Կարծում ենք ակնհայտ է, որ մեր հավաքականի մարչական շտաբի Իսպանիա կատարած այցի գլխավոր «մեղավորը» ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է: Վերջինս ի պաշտոնե համակարգելու է նաև Հայաստանի բոլոր հավաքականների աշխատանքը: Իսպանացի հանրահայտ մասնագետը ՀՖՖ-ում պաշտոնապես սկսել է աշխատել հունվարի 1-ից: Ու փաստորեն մեր ընտրանու մարզչական շտաբի գործուղումը Իսպանիա Մելենդեսի առաջին քայլն էր ի նպաստ հայկական ֆուտբոլի: Այն կարելի է որակել նաև որպես հստակ դիրքորոշում ֆուտբոլի զարգացման ճանապարհի վերաբերյալ: Մելենդեսը սկսեց Հայաստանի ազգային հավաքականից, որը մեր երկրի թիվ մեկ ներկայացուցիչն է միջազգային ասպարեզում: Հետևաբար, ազգային թիմի մարզչական շտաբն այն օղակն է, որի հետ պետք է շարունակական աշխատանքներ տարվեն:
Ազգային թիմի մարզիչներն այն ֆիգուրներն են, որոնց դերը բավական մեծ է արդյունքների հարցում: Նշենք, որ Մելենդեսի տեխնիկական անձնակազմում ընդգրկված են նաև ևս երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար: ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արթուր Վանեցյանը ըստ էության ընտրել էր ուղղությունը, որով պետք է զարգացնել ֆուտբոլը, և նշանակելով Մելենդեսին կարելի է ասել կայացրել էր պատմական որոշում: Ժամանակակից ֆուտբոլում գոյություն ունեն մի քանի մոդելներ, որոնք ոչ միայն ճանաչված են և արդյունավետ, այլև օրինակելի Հայաստանի պես երկրների համար: Վանեցյանն ընտրել է իսպանական մոդելը, որը, կարծում ենք, ամենահարմարն է մեզ համար: Նշենք, բազմիցս է նշվել, որ հայ ֆուտբոլիստները մշտապես աչքի են ընկել տեխնիկական լավ տվյալներով:
Տարիներ առաջ այս գործոնը շատ դեպքերում հաջողություն էր բերում, բայց ֆուտբոլը ժամանակին զուգընթաց զարգացավ, ու հիմա միայն լավ տեխնիկայով ոչնչի չես հասնի: Իսպանական ֆուտբոլում այսօր կարևորագույն բաղադրիչներից են տեխնիկական բարձր պատրաստվածությունը, գնդակի հետ վարվելու և վերահսկելու յուրատեսակ մեթոդիկան: Սրանք տեսանելի երևույթներ են, որոնք միլիոնավոր երկրպագուների հիացմունք են պատճառում: Նույն Իսպանիայի հավաքականի՝ գնդակը վերահսկելու կամ, ինչպես ընդունված է ասել, տիկի-տակա խաղի ընդերքում այն ահռելի աշխատանքն է, որը արվել է տարիների ընթացքում: Այս տարվա դեկտեմբերին Մելենդեսը սեմինար էր անցկացրել հայ մարզիչների համար և ծանոթացել մեր ֆուտբոլի ենթակառուցվածքներին: Կարծում ենք՝ պարզ է, որ Մելենդեսի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը ընդունելու մեջ մեծ դեր է խաղացել մեր ֆուտբոլի փիլիսոփայությունը: Այսինքն՝ հանրահայտ մասնագետը տեսել է այն հողը, որը մշակելու դեպքում կարելի կլինի արդյունքի հասնել: Նշենք, որ անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ընթացքում ըստ էության չի եղել ֆուտբոլի զարգացման ուղի կամ դիրքորոշում: Այո, մեր հավաքականը գլխավորել են բազմաթիվ օտարերկրացի մասնագետներ, բայց դա չի նշանակում, որ շարժվել են հստակ ճանապարհով:
ՀՖՖ-ն չի ունեցել նաև տեխնիկական տնօրեն: Ծրագիր և ճանապարհ չունենալը երկարատև ռեգրեսի հիմնական պատճառներից է: Վստահ ենք, որ Խինես Մելենդեսի գիտելիքները, փորձն ու հեղինակությունը մոտ ապագայում ավելի տեսանելի կդարձնեն այն ուղին, որը մեր ֆուտբոլը դուրս կբերի անդունդից:








































