2019թ. սկսվեց տնտեսական հեղափոխության պատրաստակամությամբ. ինչպես է այն դրսևորվելու, ինչ փոփոխություններ են սպասվում կամ արդեն իրականացվում, որոնք վկայում են տնտեսության մեջ հեղափոխական քայլերի մասին: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը, Հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Հ. Ավետիսյանի դիտարկմամբ՝ տնտեսական հեղափոխություն ասվածը պետք է ուղղված լինի կանոնակարգերը բարելավելուն, ի նպաստ բիզնեսի գործողություններ իրականացնելուն, որոնք ավելի գրավիչ կդարձնեն ոլորտը և մրցակցային առավելություն կտան Հայաստանում բիզնես իրականացնողին: «Պետությունը պետք է ստեղծի պայմաններ արտահանման համար, մրցակցային առավելություններ պետք է ստեղծվեն: Այս առումով կառավարության գործառույթները չեմ տեսել. չկա տնտեսական զարգացման ծրագիր՝ մի քանի տարիների կտրվածքով»:
«Տնտեսական հեղափոխությունը մեկ-երկու ամսվա ընթացքում չի կարող նկատելի լինել, դա պետության կողմից իրականացվող գործողություն է, որը հիմքեր է դնում և պայմաններ է ստեղծում տնտեսության զարգացման, նոր աճի տեմպերի համար»,- նշեց Ե. Սողոմոնյանը՝ հավելելով, որ պետության կողմից իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսական հեղափոխության իրականացմանը: Նրա խոսքով՝ կառավարության երկարաժամկետ, միջնաժամկետ և մեկ ամսվա ծրագրերը մշակվում են:
Մ. Արիստակեսյանը հավելեց, որ տնտեսական հեղափոխության համար նախադրյալներ կան. «Առաջինը՝ մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը փոխվել է: Ամենակարևորը կատարվեց՝ ձևավորվեց ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարան: Բայց խնդիրն այն է, որ չգիտենք ինչ է անելու կառավարությունը. հեղափոխություն է եղել, բայց դեռևս տնտեսական զարգացման ծրագիր չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































