ԱՄՆ-ում «shut down»-ի հիմնական պատասխանատվությունը կրում են նախագահ Դոնալդ Թրամփն ու հանրապետական կուսակցությունը. այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել են ABC ալիքը և Washington Post-ը հունվարի 8-11-ը՝ 788 ամերիկացիների շրջանում:
Մասնավորապես, հանրապետականներին և Թրամփին, կառավարության և պետական գերատեսչությունների աշխատանքի ռեկորդային երկարատաև դադարեցման համար (արդեն 23-րդ օրն է), մեղադրում են հարցվածների 53%-ը: Հարցվածների միայն 29%-ն է իրավիճակի պատասխանատու համարում ընդդիմադիր դեմոկրատներին:
Բացի այդ, բյուջետային շարունակական ճգնաժամի մեջ երկու կողմերին էլ հավասարապես մեղավոր են համարում ևս 13%-ը:

Միացյալ Նահանգներում դաշնային գերատեսչությունների աշխատանքը դադարեցվել է 2018թ.-ի դեկտեմբերի 22-ից՝ ֆինանսավորման անբավարարության պատճառով: Խնդիրը ծագել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և օրենսդիր դեմոկրատների միջև՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար բյուջետային միջոցների տրամադրման հարցով անհամաձայնության պատճառով:
Մասնագետների հաշվարկով, «shut down»-ի շարունակվելու դեպքում ԱՄՆ տնտեսության կորուստները կարող են հասնել շաբաթական 1.2 մլրդ դոլարի:








































