Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվել է Ալբերտ Բոշյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Ալբերտ Բոշյանը 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Երևանի Հանրապետության հրապարակում իր ծանոթ Նորայրի «Այփադ» տեսակի, 330 հազար դրամ արժողության պլանշետ-համակարգչով մի քանի րոպե խաղացել է, ապա խաբել՝ իբր խաղալով գնում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ սպասող ընկերուհուն հանդիպի ու նրա հետ անմիջապես վերադառնա:
Պլանշետը ձեռքին՝ Ալբերտը հեռացել է Նորայրի տեսադաշտից ու այլևս չի վերադարձել՝ Նորայրին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Ալբերտ Բոշյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության եղանակով գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով:
Բոշյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: