Թերթը տեղեկացնում է, որ երեկ նախագահական նստավայրի դիմաց հաշմանդամ օդաչուները ցույց են կազմակերպել. «Արդեն մի քանի տարի է՝ նրանք չեն ստանում օրենքով իրենց հատկացված թոշակները: «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը 2004-ի ապրիլի 12-ին իրեն սնանկ հայտարարեց, որի արդյունքում բազմաթիվ օդաչուներ և ինժեներատեխնիկական անձնակազմը մնացին գործազուրկ: Իրավահաջորդի բացակայության պայմաններում նրանք մնացին առանց վարձատրության»,- գրում է թերթը և հավելում. «Թոշակառուները պարբերաբար ցույցեր են կազմակերպում, սակայն դեռ ոչ մի արդյունքի չեն հասել։ Օդաչուները աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ՝ գլխացավ, վատ լսողություն, սիրտ-անոթային հիվանդություններ: Ի դեպ՝ նրանցից շատերը մասնակցել են Արցախյան հերոսամարտին»:





































