Ի՞նչ սպասելիքներ ունեք դեկտեմբերի 9-ից հետո, և ի՞նչ պետք է անել, որպեսզի հաջողենք համակարգային փոփոխություններում «Առաջին լրատվական»-ի հարցին ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը պատասխանեց․ «Հայաստանում արդեն գրեթե բոլորը գիտեն, որ նախկին ապազգային, հանցագործ ռեժիմը խորապես հարստահարեց ու կողոպտեց հայ ժողովրդին և երկիրը։ Բացի կողոպտելուց, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այս քսան տարվա ընթացքում ժողովուրդը վարժվի այդ փչացած արժեքներին, փչացած արժեհամակարգին, քանի որ խեղճացած, հարստահարված ժողովուրդը հեշտ է կառավարվում։ Հիմա եկել է ազգընտիր նոր իշխանություն, սակայն Ավգյան ախոռները մաքրելը հեշտ գործ չէ»։
«Եթե Նիկոլ Փաշինյանին իր վարչախմբի հետ միասին հաջողվի ստեղծել առաջընթաց ապահովող համակարգ, այսինքն՝ արդյունավետ գործող համակարգ, ապա ես կարծում եմ, որ մեր ժողովրդի վիճակը կբարելավվի։ Ինձ միշտ մտահոգել է ոչ թե վիճակը, այլ ուղղությունը, որ մենք գնում ենք։ Ժողովուրդը հիմա դարձել է խելացի և ճիշտ վերլուծող։ Այսօր դեռ չի ձևավորվել համակարգը, որը պետք է խնդիրներ լուծի, մենք դեռ չգիտենք, թե որ ուղղության վրա ենք գնում։ Մեր մոտ դեռ ինստիտուտները չեն կայացել, առաջ ենք գնում անձերով՝ ամեն ինչ Փաշինյանի ուսերին է։ Էդ ձևով չենք կարող առաջ գնալ, չնայած, երբ մեր ժողովուրդն առաջնորդին վստահում է, մենք մեծ թռիչք կարող ենք անել, մեծ առաջընթացների ենք ընդունակ»,- հավելեց Վարդան Մալխասյանը։
Վարդան Մալխասյանը նաև ասաց․ «Մարտի 1-ի հետ կապված հանցագործները դեռ շատ են, միայն Քոչարյանով չի սահմանափակվի։ Հիմա Քոչարյանն անուղղակի կարգով իր հետ մեղսակիցներին հասկացնում է՝ քանի ուշ չի, փրկեք ինձ։ Քոչարյանի աջակիցները թող մկան ծակերից դուրս գան, միևնույն է, չեն հաջողելու»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































