Դեկտեմբերի 3-ի առավոտյան Բարսելոնայի արտաքսման ճամբարում «ինքնասպանություն գործած» Ալիկ Մանուկյանի դին առ այսօր Հայաստան չի վերադարձվել:
«Դիմել ենք Բարսելոնայի համապատասխան կառույցներին, շուտով կուղարկենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բարսելոնայում Հայկական կազմակերպության համակարգող խորհրդի ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ 32-ամյա Ալիկ Մանուկյանը ինքնասպան է եղել արտաքսման ճամբարում՝ կախվելով կոշիկների քուղերից: Սակայն Բարսելոնայի հայկական համայնքում այս վարկածին չեն հավատում, բողոքարկման արդյունքներն էլ օգուտ չտվեցին:
Ավելի վաղ ակցիա էր իրականացվել՝ մահվան պատճառները պարզելու պահանջով: Տեղի հայերը գտնում են, որ ոստիկաններն են սպանել Ալիկին, քանի որ ներգաղթյալները պատմել են, թե ինչպես են ոստիկանները մտել Ալիկի սենյակ, ձեռնաշղթայով տարել նրան այլ սենյակ, իսկ առավոտյան ասել են՝ կախվել է, բայց իրենք Ալիկի գոռոցները լսել են: Սակայն ներգաղթյալներին հարցաքննելուց հետո էլ դատաբժշկական եզրակացությունը պահպանվել է նույնությամբ:
Սարգիս Հակոբյանը նաև նշեց, որ այս պահին շարունակվում է դրամահավաքը՝ Ալիկի դին Հայաստան տեղափոխելու համար: «Դիմել ենք դեսպանատուն, սակայն պատասխան ենք ստացել, որ դեսպանատունը չունի ֆինանսներ և որևէ բանով չի կարող օգտակար լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ գումարը հայ համայնքից է հավաքում:
Անհրաժեշտ է մոտ 6000 եվրո: Իսկ Հայաստանի կառավարությունն այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել խնդրին:
Սարգիս Հակոբյանը նշեց, որ կշարունակեն պայքարել արդարության համար: Նրա խոսքով՝ Իսպանիայում ռասիստ չեն, և այս քայլն ազգայնական հողի վրա չի կատարվել:








































