Իրաքի կառավարությանը հնարավորություն կտրվի գնելու և վարձակալելու ամերիկյան արտադրության Apache հարվածային ուղղաթիռներ, որոնք կօգնեն վերսկսվող հուզումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը՝ հղում անելով Պենտագոնին:
Համաձայնագիրը թույլ կտա Իրաքին վարձակալել 6 ուղղաթիռ այս տարի և ձեռք բերել երկու տասնյակ ուղղաթիռներ առաջիկա 3 տարում:
Վարձակալության գործարքը, որը գնահատվում է 1.37 մլրդ դոլար, ներառում է նաև բարձր ճշգրտության 152 Hellfire հրթիռների, արձակման կայանների, գիշերային տեսանելիության ակնոցների, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում: ԱՄՆ-ը պատրաստվում է նաև Հորդանանում մարզել իրաքյան զորքերին:
Հուլիսին սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը գլխավորում է Սենատի արտաքին հարցերով կոմիտեն, արգելափակել էր գործարքը՝ պահանջելով երաշխիքներ, որ իրաքցի զինվորականները ուղղաթիռները կկիրառեն միայն ապստամբների, այլ ոչ թե վարչապետ Նուրի Ալ-Մալիկիին ընդդիմացող քաղաքացիական անձանց դեմ:











































