Մենք տեսանք, որ դեկտեմբերի 4-ին, երբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ելույթ ունենալով սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ, գտնում ենք, որ թեեւ այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին եւ այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունը հետեւյալն էր, որ՝ մենք նախորդ իշխանություններին կբերենք դատարաններ։ Ճիշտ է՝ այնտեղ որոշ ուրիշ տերմինալոգիա կա՝ մկներ, սերմացու և այլն, բայց իմաստն այն է, որ նախորդ իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա կդատենք նաև նրանց»,-ասաց Ալումյանը:











































